ՀՀ Գյուղատնտեսության նախարարն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր


ՀՀ Գյուղատնտեսության նախարարն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

  • 20-08-2013 22:45:01   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Նախարարն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է 3 համայնքներ՝ Ներքին Սասնաշեն, Կարպի, Օհանավան, ինչպես նաև «Թամարա ֆրուտ» ձեռնարկություն: 
Ներքին Սասնաշեն համայնքում նախարարը հանդիպել է  նոր կազմավորված կոոպերատիվի ներկայացուցիչներին: Նրանք նախարարին հայտնել են, որ պետությունից ստացել են  9 միավոր գյուղտեխնիկա,  ողջունել տնտեսությունների խոշորացման ծրագիրը և հույս հայտնել, որ մոտ ապագայում կավելացնեն նաև անասնագլխաքանակը և ցանքատարածությունները: Կոոպերատիվի անդամները նախարարին դիմել են կաթի մթերման հետ կապված խնդիրներով, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ Ներքին Սասնաշենում շատ շուտով  բացվելու է  կաթի մթերման առանձին կետ՝ համապատասխան սառնարանային հնարավորություններով :
Նախարարը մարզի ղեկավարության, գյուղապետի և կոոպերատիվի անդամների հետ այցելել և  ծանոթացել է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի   շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներին: Այստեղ գյուղնախարարն իր դժգոհությունն է հայտնել անցյալ տարի շահագործման հանձնված խմոցների որակից և հանձնարարական տվել տասն օրում վերացնել բոլոր թերությունները և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս աշխատանքին: Նախարարը հանձնարարել է գյուղապետերին  խիստ հսկողություն տակ վերցնել շինարարական աշխատանքները, իսկ անորակ աշխատանքի դեպքում՝ չընդունել օբյեկտները:
Գյուղատնտեսության նախարարն  այցելել է  նաև Օհանավան և Կարպի համայնքների խնձորի այգիներ՝ բերքը գնահատելով  միջին: Գյուղացիները նախարարին հայտնել են, որ թունաքիմիկատների որակը ցածր է և նրանց ազդեցությունը՝ քիչ արդյունավետ: Գյուղնախարարը հորդորել է նրանց ժամանակին զբաղվել սնկային հիվանդությունների կանխարգելմամբ, ինչպես նաև պահպանել սրսկումների ճիշտ  չափաբաժինը: 
Գյուղատնտեսության նախարարի հաջորդ կանգառը «Թամարա ֆրուտ» ընկերությունն էր, որտեղ նրան են   ներկայացրել  վերամշակող ձեռնարկության վերջին շրջանի ձեռքբերումները  և հավաստիացրել, որ մթերումների առումով խնդիրներ չեն ծագի:  Նախարարն իր այցն ավարտել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարները: Ինչպես ամբողջ հանրապետության տարածքում, այնպես էլ այս մարզում ցորենի և գարու բերքն այս տարի առատ է: Մարզի անասնաբուծական ճյուղի ցուցանիշներն էլ տպավորիչ են. տավարի գլխաքանակն ավելացել է 12 տոկոսով, խոզերինը ՝ 9 տոկոսով, իսկ ոչխարների և այծերի գլխաքանակը՝ 13 տոկոսով: Այս արդյունքներով  անասնաբուծության ոլորտում Արագածոտնի մարզը հանրապետությունում զբաղեցնում է 3-4-րդ հորիզոնականները:
ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցության վերջում նախարարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն