ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԲԱՑ ՄԱՐԶՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԲԱՑ ՄԱՐԶՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

  • 21-08-2013 17:37:35   | Գերմանիա  |  Սպորտ

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21) իր մարզիչ Ուլի Վեգների հետ Գերմանիայի Շվերին քաղաքում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: 

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայի Շվերին քաղաքում: Մեր հայրենակիցը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: 
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով:

 



 



 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



 
 



Նոյյան տապան  -   Սպորտ