Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները


Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները

  • 26-08-2013 14:26:41   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները Երևանի  քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին: Այս տարի ծրագրում ներառվել էր  32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն,  Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում: 


Նախատեսվածի համաձայն՝  մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել և մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են  արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաև ներկման աշխատանքներ են իրականացվել:  


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել  նաև պատուհանները, վերականգնվել են տեղաշարժված  կամ քանդված քարերը: Ծրագիրը, ինչպես և նախատեսված էր,  ավարտվել է օգոստոսին: Նշենք, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն