Թոմաս Համմարբերգը կոչ է անում իշխանություններին ազատ
արձակել մարտյան դեպքերի կապակցությամբ կալանավորված անձանց
21-01-2011 21:04:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոխորհրդի Մարդու
իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջիկա զեկույցում
կարտացոլվի նրա խոր մտահոգությունը 2008թ. մարտյան
իրադարձությունների ժամանակ 10 մահվան դեպքերի հանգամանքները
չբացահայտվելու կապակցությամբ: Հայտնելով այս մասին Հայաստան
կատարած իր քառօրյա այցի ավարտին` հունվարի 21-ի ասուլիսում, նա
հայտարարեց, որ այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է եւ ըստ
էության համարժեք է անպատժելիության: Հանձնակատարն ընդգծեց, որ
պետք է լուծել այդ 10 հոգու մահվան հանգամանքների
չբացահայտվածության եւ ազատազրկվածների խնդիրը:
Թ.Համմարբերգը հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների հետ
հանդիպումների ընթացքում կոչ է արել եւ միջնորդել ազատ արձակել
Երեւանում 2008թ. մարտյան իրադարձությունների հետեւանքով
անազատության մեջ գտնվող անձանց: Հանձնակատարն այցի ընթացքում
այցելել է Երեւանի «Դատապարտյալների հիվանդանոց» եւ Արթիկի
քրեակատարողական հիմնարկներ, զրուցել ԱԺ նախկին պատգամավոր Սասուն
Միքայելյանի, լրագրող Նիկոլ Փաշինյանի, Հարություն Ուռուտյանի,
ինչպես նաեւ այն կալանավորների հետ, ովքեր հրաժարվել են
այլընտրանքային զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների
պատճառով: Թ.Համմարբերգը նշեց, որ մարտիմեկյան գործերով
դատավարությունների ԵԱՀԿ-ի կողմից կատարված դիտարկման զեկույցով
լրջորեն քննադատության է ենթարկվել այդ դատավարությունների
անցկացման ընթացքը, կարգը, բարձրացվել է դատավորների
անկողմնակալության, ինչպես նաեւ դատավարություններում որպես հիմք
ընդունված ապացույցների հիմնավորվածության խնդիրները: «Մենք,
իհարկե, ողջունեցինք համաներման մասին որոշումը, սակայն
համաներումից հետո էլ դեռ բանտերում մնում են որոշ մարդիկ, ովքեր
կապված են եղել 2008թ. մարտյան իրադարձություններին: Այդ գործերը
ես քննարկել եմ իշխանությունների հետ»,- ասաց Թ.Համմարբերգը:
Հանձնակատարը մտահոգություններ ունի նաեւ մարտյան
իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործելակերպի ոչ բավարար
արհեստավարժ լինելու կապակցությամբ: Այս հարցով քննարկումներ են
տեղի ունեցել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր
Օսիկյանի հետ, ով ներկայացրել է ոստիկանության արհեստավարժության
մակարդակը բարձրացնելուն ուղղված գործողությունների ծրագիրը:
Որպեսզի բացառվի մարտյան դեպքերի կրկնությունը, դատարանների
գործելակերպին առնչվող գործողությունների ծրագիր է ներկայացրել
արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը:
Բանակում բռնությունները բացառելու համար, ըստ Թ.Համմարբերգի,
շատ հստակ կանոններ պետք է սահմանվեն, անցկացվի ամբողջ անձնակազմի
վերապատրաստում, ինչպես նաեւ ստեղծվի բողոքարկման արդյունավետ
համակարգ, որին անկաշկանդ եւ առանց բռնության կրկնության վտանգ
զգալու կկարողանան դիմել բռնության ենթարկված անձինք: Ըստ ԵԽ
պաշտոնյայի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ զինդատախազ
Գեւորգ Կոստանյանը շատ դրականորեն են արձագանքել այս
առաջարկություններին:
Հանձնակատարը նշեց նաեւ, որ որոշակի մտահոգություն կա
լրատվական դաշտում, մասնավորապես. հեռուստատեսության ոլորտում
բազմախոհության աստիճանի կապակցությամբ: Այդ հարցը Հանձնակատարը
քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի
նախագահ Գրիգոր Ամալյանի հետ` հիմնականում «Ա1+» եւ «ԳԱԼԱ»
հեռուստաընկերությունների եթերազրկման հետ կապված:
Թ.Համմարբերգն ընդգծեց, որ Ստրասբուրգ վերադառնալուց հետո իր
այցի վերաբերյալ զեկույց կգրվի` որոշակի առաջարկություններով եւ
հանձնարարականներով, որը նախ կներկայացվի կառավարությանը, ապա
կհրապարակվի: