Արդիականացվում է Չայկովսկու անվան դպրոցի ձայնադարանը<br />


Արդիականացվում է Չայկովսկու անվան դպրոցի ձայնադարանը

  • 21-01-2011 15:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ հիմնանորոգվում ու արդիականացվում է Երեւանի Չայկովսկու անվան հանրակրթական երաժշտական դպրոցի ձայանադարանը (աուդիո-վիզուալ լաբորատորիան): «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո հաղորդագրության, այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով ու երաժշտական գործիքներով, այդ թվում` 7 ջութակ, 2 գալարափող, 2 ալտ, 1 թավջութակ եւ 2 հոբոյ: «Մինչ այսօր փորձել ենք բավարարվել խորհրդային տարիներին ձեռք բերված գործիքներով եւ անչափ ուրախ ենք, որ մեր սփյուռքահայ բարեկամների շնորհիվ դրանք համալրվեցին նորերով, իսկ 20-ամյա դադարից հետո կվերաբացվի նաեւ մեր գալարափողի դասարանը»,- ասել է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը: Հաստատությունը գործում է 1939 թվականից եւ միակ երաժշտական դպրոցն է Հայաստանում, որը համատեղում է մասնագիտական ու հանրակրթական ուսուցումը: Դպրոցի տնօրենի խոսքով, այսօր դպրոցում ուսանում է ավելի քան 530 աշակերտ, եւ որպես կանոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների շուրջ 80%-ը Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտներն են լինում: «Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ստանձնած այս ծրագիրը, ինչ խոսք, կարեւոր է, քանի որ մեր պատանի երաժիշտների համար պարապմունքների պատշաճ պայմաններ են ստեղծվում, ինչը, վստահ եմ, ի վերջո կտանի նրանց դեպի մեծ բեմեր ու հաղթանակներ»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն