Սարգիս Սեդրակյան.Կոոպերացիայի ծրագրերը չեն նպաստել գյուղական աղքատության նվազեցմանը


Սարգիս Սեդրակյան.Կոոպերացիայի ծրագրերը չեն նպաստել գյուղական աղքատության նվազեցմանը

  • 06-09-2013 11:35:30   | Հայաստան  |  Վերլուծություն

Գյուղատնտեսական կոոպերացիայից այսօր շատերն են խոսում, բերելով արտասահմանյան այս կամ այն երկրում կիրառվող լավագույն փորձի օրինակը, միաժամանակ մոռանալով հիշատակել, որ մեր երկրում նույնպես, տարիներ շարունակ, կիրառվել է կոոպերացիայի հաջողված և փայլուն տարբերակներից մեկը` մեզ քաջ ծանոթ, սովետական կոլխոզը: 
Սակայն «կոոպերացիա» բառը այսօր ամեն մարդ յուրովի է պատկերացնում:
Ըստ "Ֆերմերային շարժում" ՀԿ –ի կողմից մշակված «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» անվանումը կրող ծրագրային հիմնադրույթի` … «Պայմանագրային կոոպերացիա» -ն չքավոր ու միջակ գյուղացիներին օգնելու, նրանց նոր ձևավորված մանր բուրժուազիայից (ֆեոդալներից) և գյուղատնտեսական արտադրությունը խոշոր կապիտալի շահագործումից պաշտպանելու միջոց է, ինչպես նաև` գյուղատնտեսական մանր ապրանքարտադրողներին միջազգային գյուղատնտեսական շուկա դուրս գալու, խոշոր ապրանքարտադրողների հետ մրցակցելու և միջազգային տարբեր գյուղատնտեսական միավորումների հետ ընդհանուր տնտեսությունների մեջ ներգրավվելու առավել մատչելի ուղի է …:
«Ֆերմերային շարժում» ՀԿ –ի ոսումնասիրությունները ցույց են տվել, որ առանձին տնտեսություններով փոքր և մասնատված գյուղատնտեսական հողակտորների վրա գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելը իրեն չի արդարացնում. գյուղացու վրա թանկ է նստում սեփականաշնորհված հողակտորի  անհատական  մշակումը, լիարժեք չեն օգտագործվում ոռոգման համակարգը, գյուղտեխնիկան և աշխատանքային ներուժը, ցածր է տնտեսությունների արտադրության արդյունավետությունը, գյուղատնտեսական հողերը չեն օգտագործվում նպատակային և լիարժեք, վտանգ է ներկայացնում արոտավայրերի դեգրադացիայի, էռոզիայի ու անապատացման սպառնացող վիճակը: Գյուղացին դժվարանում է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրություններին և ժամանակին մուծել պետության բոլոր հարկերը: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջանում հողերի խոշորացման:
"Ֆերմերային շարժում" ՀԿ –ն կտրականապես մերժում է գյուղնախարարության այն մոտեցումը, որով նախատեսվում է պետական աջակցություն հարուստ հողատերերին` խոշորացնելու հողատարածքները, ընդլայնելու իրենց կալվածքները և արտադրական հնարավորությունները, որպեսզի աղքատ գյուղացին հնարավորություն ունենա, որպես վարձու աշխատող, այդ հողատարածքի վրա զբաղվի գյուղատնտեսությամբ և այդտեղից ստացված միջոցներով պահի իր ընտանիքի գոյությունը: Ի հակառակ վերոնշվածի, պաշտպանում է հողերի խոշորացման գյուղական կոոպերացիայի գաղափարը, աղքատ գյուղացիների մասնակցությամբ: 
«Պայմանագրային կոոպերացիան» գյուղատնտեսական աշխատանքների  կազմակերպման ձև է, երբ բազմաթիվ աղքատ գյուղացիներ, կամավորության հիմունքներով, միավորվում են իրենց սեփականաշնորհված նույնանուն գյուղատնտեսական միջոցներով` գյուղերում ձևավորելով կոլեկտիվներ (գյուղացիական միավորումներ) և համատեղ իրականացնում գյուղմթերքների արտադրություններ, կատարելով աշխատանքի միևնույն կամ տարբեր, բայց փոխկապակցված գործընթացներ: 
Ի տարբերություն նախկին կոլտնտեսության, այս դեպքում աղքատ գյուղացին, կամավորության հիմունքներով, իր սեփականությունը հանդիսացող հողի հետ միասին, որոշակի ժամկետով (10 տարուց ոչ պակաս) և նախօրոք կնքված պայմանագրի համաձայն, կարող է մտնել կոլեկտիվ և պայմանագրում նշված ժամկետի լրանալուց հետո հողի հետ միասին դուրս գալ այդ կոլեկտիվից, կամ էլ` մեկ այլ պայմանագրով շարունակել մնալ նախկին կոլեկտիվում, կամ ընդգրկվել նոր ձևավորված կոլեկտիվի մեջ: Համաձայն կոլեկտիվի կանոնադրության, պայմանագրում նշված ժամկետից  շուտ գյուղացին իրավունք չունի իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից, քանի որ այդ հողակտորների վրա կոլեկտիվի անդամների կողմից ներդրված կլինեն արդեն որոշակի գումարներ: Կոլեկտիվի ղեկավար մարմինը սեփականատերերի Ընդհանուր Ժողովն է, որտեղ որոշումներն ընդունվում են կոլեկտիվի անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ, քվեարկությամբ: Ընդհանուր ժողովի կողմից քննարկվում և հաստատվում են կոլեկտիվին պատկանող ընդհանուր հողատարածքի վրա մշակման համար նախատեսվող գյուղատնտեսական կուլտուրաները, կազմվում և հաստատվում են այդ կուլտուրաների մշակության և բերքահավաքի համար օպերացիոն-տեխնոլոգիական քարտերը, որտեղ նշված են մշակաբույսերի մշակման օպերացիաները, իրականացման ժամկետները, աշխատանքի ծավալները, իրականացնող միջոցները, պահանջվող աշխատակազմը, ֆինանսական ծախսումները, և այլն, ինչպես նաև` սեփականատերերի նախաձեռնող խմբի մշակած աշխատանքային ծրագիրը (որում մանրամասնվում է գյուղատնտեսական հիմնական միջոցների համատեղ օգտագործման, արտադրության կազմակերպման, արտադրված և իրացված գյուղմթերքների վաճառքից ստացված զուտ եկամուտների տնօրինման և բաշխման, ինչպես նաև` վարկերի ստացման և հետագա մարման հետ կապված բազմաթիվ մանրամասներ), աշխատելաոճը, ֆինանսների ծախսման կարգը և համապատասխան պայմանագրերը, որոնց համաձայն իրականացվում են  կոլեկտիվի կողմից կատարվելիք աշխատանքները:
Պայմանագրային կոոպերացիայի կիրառման դեպքում, հողերի խոշորացումից ակնկալվող դրական հետևանքներից բացի, նաև` կնվազի աղքատությունը գյուղերում, կկարգավորվի գյուղացիների  սոցիալական վիճակը, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքներն ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվեն գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, կավելանա գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակը, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: 
"Ֆերմերային շարժում" ՀԿ –ի առաջարկած “Պայմանագրային կոոպերացիա” -ն քննարկվել և ներդրման հավանության է արժանացել բազմաթիվ գյուղացիների, ոլորտի գիտնական- մասնագետների, մի շարք հասարակական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների կողմից: 2011թ –ի հունիսի 29 –ին այն քննարկվել է նաև գյուղնախարարության կոլեգիայի նիստում: Ծրագրի ներդրումը կկանխի արտագաղթը գյուղերից և կզարգացնի գյուղատնտեսությունը ՀՀ –ում:
Գյուղնախարարության ԾԻԳ –ի կողմից, Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, վերջին տարիներին, գյուղերում իրականացվել և իրականացվում է կոոպերացիայի ծրագրեր: Սակայն, թե որքանո՞վ են արդյունավետ են այդ ծրագրերը, և քանի՞ աղքատ գյուղացու վիճակ է լավացել այդ ծրագրերից, հայտնի չէ, սակայն մի բան հստակ է` այն չի նպաստել գյուղական աղքատության նվազեցմանը, որի վառ ապացույցը գյուղերից շարունակվող արտագաղթն է:
 
 
Սարգիս Սեդրակյան
“Ֆերմերային շարժում” ՀԿ նախագահ,
Կայուն զարգացման ծրագրի
Քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի նախագահ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն