Հայաստանը ԱՊՀ-ում ռեկորդային է անասնաբուծական ցուցանիշների գծով. Աշոտ Հովհաննիսյան


Հայաստանը ԱՊՀ-ում ռեկորդային է անասնաբուծական ցուցանիշների գծով. Աշոտ Հովհաննիսյան

  • 09-09-2013 16:40:24   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր մեկնարկեց  գյուղատնտեսական երկուշաբթիների շարքը՝ «Հայաստանի պարենային անվտանգությունը» թեմայով: Ներկայացվեց բավականին տպավորիչ  տեսացուցադրություն, ուր ներառված էին պարենային զամբյուղի բոլոր բաղադրիչների ինքնաբավության ցուցանիշները: Հանրապետության  պարենային հաշվեկշռի վերջին 5 տարիների տվյալների վերլուծությունը վկայում է, որ կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը 60 տոկոս է.2020թ.-ին նախանշված է հասցնել 80-85 տոկոսի:
Առաջին տեսացուցադրությունը և վերլուծական  բավականին տպավորիչ աշխատանքը ներկայացրեց նախարարության գյուղատնեսության զարգացման ծրագրերի պատասխանատու, տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Ըստ բանախոսի՝ ընթացիկ տարվա հունվար–հուլիս ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 297.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.7 տոկոսով, ընդ որում բուսաբուծության ոլորտում աճը 8.8 տոկոս է: Տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը հրապարակեց ցանքատարածությունների ընդհանուր ծավալը, որը, կազմելով 318.2 հազ հա, գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 14.0 հազ հա-ով:
Քանի որ ցորենի բերքի ծավալների աճը բացառիկ ազդեցություն ունի ցորենի ինքնաբավության մակարդակի ապահովման համար, տեսացուցադրության թիրախներից մեկը հանրապետությունում սպասվող հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սպասվող բերքի ծավալներն էին: Հրապարակվեց 530-537 հազ տոննա բերքի փաստացի սպասումը, որից 305-310  հազար հա-ն  բաժին է ընկնում ցորենին: Այս ցուցանիշով ակնկալվում է ցորենի արտադրության շուրջ 25.5-27.5 տոկոս աճ: 
Սպասվում է շուրջ 663-665 հազ տոննա կարտոֆիլի, 860-865 տոննա բանջարեղենի, 338-342 հազ տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, ինչն էականորեն գերազանցում է նախորդ տարվա մակարդակը:
Յուրաքանչյուր երկրի պարենային ինքնաբավությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը:
 Ուստի առաջին բանախոսը չխուսափեց խոսել նաև այն խնդիրներից, որոնց լուծման դեպքում հնարավոր է ապահովել ինքնաբավության ավելի բարձր մակարդակ:
Հիմնախնդիրների շարքում անդրադարձ եղավ հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, սերմնաբուծության և տոհմային գործի, ագրոտեխնիկայի կատարելագործմանը, գյուղատնտեսական ռեսուրսների հասանելիությանն ու մատչելիությանը: 
Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև պարենային անվտանգության համատեքստում կենդանական ծագում ունեցող մթերքների պարենային ինքնաբավության ցուցանիշների վիզուալ ցուցադրությունը: Թեման ներկայացրեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, որի ելույթի առաջին միտքը բավականին սենսացիոն էր. Հայաստանը ԱՊՀ-ում ռեկորդային է անասնաբուծական ցուցանիշների գծով: 2013 հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավորների  գլխաքանակի աճը գերազանցել է 10.3 տոկոսը, մանր եղջերավորների աճը կազմել է 14.3 տոկոս, իսկ խոզերինը՝ 34.2 տոկոս: Միայն վերջին երկու տարիների ընթացքում մսի արտադրության ծավալներն ավելացել են 3.8 հազ տոննայով՝ կազմելով  74.6 հազ. տոննա: Կաթի արտադրության ցուցանիշը մեկ տարում ավելացել է 17 հազ տոննայով: Կաթի ինքնաբավությունը այսօր հանրապետությունում հասել է շուրջ 77 տոկոսի: Պրոֆեսոր Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես մսի, այնպես էլ կաթի ծավալների աճն աննախադեպ է վերջին 3 տասնամյակների ընթացքում: Ոչխարի մսի արտադրությամբ հանրապետությունը ոչ միայն ինքնաբավ է, այլև արտահանումների հստակ կողնորոշում ունի: Ներկայացվեցին ձվի տարեկան արտադրության տատանումները և հայտարարվեց, որ տեղական շուկան ամբողջությամբ  բավարարում է ձվի պահանջարկը:
Գյուղատնտեսական երկուշաբթիների բավականին ակտիվ մեկնարկը ցույց տվեց, որ այն սպասված նախագիծ է, մանավանդ որ գյուղատնտեսությունն ընդհանուր զբաղվածության մեջ մոտ 40 տոկոս ներկայություն ունի և ՀՆԱ-ում մոտ 20 տոկոս մասնաբաժին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն