ՀՀ Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին


ՀՀ Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին

  • 19-09-2013 14:55:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Լուծվում են մարզերի հիմնախնդիրները
 
ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. Այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ: 
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի «Գուգարք» կարի արտադրական միավորման կողմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով, Գարգառի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազար դրամն ուղղել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը: 
Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ: Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա: 
Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով:
 
Հիմնովին կբարեկարգվեն Երևանի կենտրոնի փողոցները
 
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին է հատկացվել մոտ 9 մլրդ դրամ` քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Այդ աշխատանքի արդյունքում Երևանի երթևեկելի հատվածներում կլինի ավելի քան 1 մլն քառ. մետր բարձրորակ ասֆալտբետոնե շերտ, ևս 70 հազար քառ. մետր` մայթերի հատվածներում, ինչպես նաև մոտ 39 հազար գծամետր նոր եզրաքար: Քաղաքապետարանը 4-րդ աստիճանի վթարային քանդման ենթակա շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով ձեռք կբերի 100 բնակարան, ինչպես նաև առնվազն 350 քառ. մետր տարածք` շենքի առաջին հարկի հասարակական տարածքից: Եվս երկու որոշմամբ գործադիրը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար:
 
 
 
Օրենսդրական գործունեություն
 
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուց հետո ողջամիտ ժամկետում կազմակերպել դրա քննարկումը: Կառավարությունը ժամկետի ճշտում է արել և նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր առաջարկության ընդունման դեպքում: 
Նիստում քննության է առնվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Դրական գնահատելով նախաձեռնությունը, գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
 
Այլ որոշումներ
 
Կառավարությունն ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. գարնանային զորակոչ, տարկետում է տրվել իրավագիտություն մասնագիտությամբ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի բակալավրիատ ընդունված Աշոտ Պողոսյանին:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ մասնակցություն ցուցաբերել ս.թ. հոկտեմբերի 8-10-ը անցկացվելիք «Արձագանք-2013» զորավարժությանը: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն