Ա. Գեւորգյանն ընդունել է ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հայաստանյան ներկայացուցչին


Ա. Գեւորգյանն ընդունել է ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հայաստանյան ներկայացուցչին

  • 24-09-2013 18:12:11   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին:
Փոխվարչապետը շնորհավորեց  պրն Բիրվիրթին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ  գրասենյակի հետ երկար տարիների  արդյունավետ  ու բազմաճյուղ փոխգործակցությունը կշարունակվի եւ  դրական արդյունքներ կունենա նաեւ փախստականների եւ տեղահանված անձանց համար:
Փոխվարչապետը ներկայացրեց ինչպես  Ադրբեջանից բռնագաղթածների, այնպես էլ սիրիահայերի խնդիրները: Նա առավել կարեւոր համարեց նրանց բնակարանային ապահովվածության հարցը` ափսոսանքով նկատելով, որ մինչ օրս հնարավոր չի եղել ամբողջությամբ լուծել Ադրբեջանից մոտ երկու տասնամյակ առաջ բռնագաղթածների բնակարանային խնդիրը: Հայաստանի կառավարությունը  փորձում է նաեւ հնարավորության սահմաններում պայմաններ ստեղծել սիրիահայերի կեցության համար:
Միաժամանակ նա նկատեց, որ  ՓԳՀ հայաստանյան  գրասենյակի  հետ համագործակցաբար  հաջողվել է թեեւ ոչ մեծ մասշտաբի, բայց  արդյունավետ ծրագրեր իրականացնել` մասնավորապես  սոցիալական տների կառուցման  եւ շահագործման ծրագրերը: Նա առանձնացրեց նաեւ գրասենյակի հետ համագործակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիայի ոլորտում տարբեր հետազոտությունների իրականացման, ինչպես նաեւ իրավական  փաստաթղթերի մշակման աջակցության  ոլորտներում: 
Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին պատրաստակամություն  հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը:  Հայաստանի կառավարության համար նա կարեւոր համարեց փախստականների եւ տեղահանված անձանց  համար  անհրաժեշտ պայմանների ապահովումը` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խնդրի վրա հրավիրել նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ուշադրությունը:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն