Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» խորագրով միջոցառում<br />


Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» խորագրով միջոցառում

  • 18-01-2011 14:02:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 19-ին (ժամը 14:00-ին) Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» խորագրով միջոցառում: Ելույթներով հանդես կգան անվտանգության գծով ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, գրականագետ Վարդան Դեւրիկյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Կարապետյանը, ՄՀՆՋ հրամանատար, գնդապետ Գրիգորի Սարգսյանը: Միջոցառմանը կմասնակցի Ավետիս Ահարոնյանի ժառանգներից (Դեթրոյթ) ԳԱԱ ակադեմիկոս Հրայր Ահարոնյանը: Հյուրեր կլինեն դեսպանատներից, Սփյուռքի հայկական համայնքներից: «Ավետիս Ահարոնյան» առաջին աստիճանի ոսկե մեդալ կշնորհվի հինգ հայ գործիչների: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնից, միջոցառման ժամանակ կցուցադրվի «1.500.000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանի հեղինակած 4 րոպեանոց տեսանյութը` նվիրված Հ.Դինքի հիշատակին: Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Հրանտ Դինքին նվիրված` հայաստանյան եւ սփյուռքի մամուլում հրատարակված հոդվածներ, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր: Ուշագրավ են Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւաններ», Սոնա Արշունեցու «Ով է սպանել Հրանտ Դինքին» գրքերը, Դինքին նվիրված բանաստեղծությունները: Ի դեպ, նույն օրը, նույն ժամին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ կկազմակերպվի ցույց` «Թուրքիա, դեմ հանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները» մակագրությամբ ցուցապաստառներով, իսկ Անգլիայի լորդերի պալատում տեղի կունենա միջոցառում, որտեղ «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում» թեմայով կբնախոսի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօղլին: Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին: Նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերենով եւ թուրքերենով տպագրվող թերթի` «Ակօսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երեւելի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Հ.Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, «Ակօսի» խմբագրատան առաջ: Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը: Հրանտ Դինքին 2007թ.-ի հունիսին ետմահու շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ: Ըստ ՀՀ նախագահի «առաջին անգամն է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, եւ մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»: Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից ժամանել էին Դինքի այրին` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը, եւ եղբայրը` Երվանդ Դինքը: Մրցանակը ստանալիս Ռ.Դինքը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ եւ պատվավոր, եւ տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը` փոքր կղզիներ են»:
Նոյյան տապան  -   Հասարակություն