ՀՀ Կառավարություն. Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը


ՀՀ Կառավարություն. Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը

  • 03-10-2013 14:45:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար: Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով, այն է` ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարում, որի արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրի կրճատում, տնտեսության վարկավորում և ներդրում և այլն:
ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է մի շարք պայմանագրեր, որոնց գծով ստանձնել է ընդհանուր առմամբ 1 մլն 773 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճարման պարտավորություն: Կառավարության որոշմամբ այդ նպատակով կօգտագործվի ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված արտաքին տոկոսավճարների գծով առկա տնտեսված գումարը:
Ամփոփելով պարտատոմսերի թողարկման թեման` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել և սևացնել այն: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա տալ հրապարակային պարզաբանումներ: Առաջին, մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկը, որն ունի մեծ հեղինակություն և որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին՝ հրապարակայնության, գործընթացների կազմակերպման առումով, ինչպես նաև` թե կառավարությունն ինչ վարքագիծ պետք է ունենա եվրոբոնդերի թողարկման ընթացքում: 
Երկրորդ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ՝ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում: 
Երրորդ, մենք տեղաբաշխումն իրականացրել ենք շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին և մեր գործընկերների խորհուրդների շնորհիվ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով:
Չորրորդ՝ այս տեղաբաշխման շնորհիվ մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաև 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաև մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը: Ավելին, այս հաջող գործարքի կապակցությամբ մենք դրական գնահատականներ ենք ստացել միջազգային տարբեր կառույցներից: Տեղյակ եք նաև, որ վերջերս էլ Արժույթի միջազգային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ սա իսկապես չափազանց դրական ձեռքբերում է մեզ համար: Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, և այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում և նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարողանում են այսօր ունենալ՝ ֆինանսական շուկաներում ձեռք բերելով պարտավորություններ, իսկ դա նշանակում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Մենք այս ճնշումն զգում էինք մասնավոր հատվածի կողմից, քանի որ բազմաթիվ հարցումներ ենք ստացել նրանցից, որ Հայաստանի Հանրապետության կողմից եվրոբոնդերի չթողարկումը թանկացնում է մասնավոր հատվածի կողմից պարտատոմսերի թողարկումը միջազգային շուկաներում՝ մոտավորապես մեկ տոկոսային կետով, իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է, երբ խոսքը վերաբերում է ներքին շուկայի տոկոսադրույքներին, և դա մոտակա երկու տարիների ընթացքում նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը, ինչը բնականաբար խթանելու է տնտեսական աճը, մի կողմից ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից` հասանելի ֆինանսական միջոցներ: 
Այնպես որ, օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ և՛ «Deutsche Bank»-ին, և՛ GP Morgan-ին, և՛ HSBC-ին շատ հաջող գործարքի համար, և մեր գնահատականը նրանց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ դրական է»: Նիստում նաև նշվել է, որ պարտատոմսերն առաջնային շուկայում տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել 152 ներդրող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդրողից կախում չկա: Երկրորդ, պարտատոմսերի մեջ ներդրում են իրականացրել 42 տոկոսը՝ ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդրողները, մնացածը` ներդրողներ ամբողջ աշխարհից, ինչը նույնպես շատ կարևոր է: 
Վերջնական պահանջարկը, որից ընտրություն է արվել, կազմել է 2 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, վարչապետի դիտարկմամբ` պահանջարկը նույնպես վկայում է այն մեծ հետաքրքրությունը, որ եղել է հայկական բոնդերի նկատմամբ: «Սա մի գործընթաց է, որը մեր միջազգային հեղինակությունը պետք է բարձրացնի: Ցավոք, կան մարդիկ, որոնք ցանկացած ձեռքբերման վրա ուզում են ցեխ շպրտել: Անհասկանալի է, մենք բազմաթիվ թերություններ ունենք մեր երկրում, բազմաթիվ բացթողումներ, այդ ամենը թողած` ընկել են դրական ձեռքբերումների հետևից», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն