Այսօր Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը


Այսօր Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը

  • 03-10-2013 16:15:38   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն

Ջերմուկում այսօր մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որն աշխատանքները կշարունակի մինչեւ  հոկտեմբերի 5-ը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի`  պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:
 
Բացելով համաժողովը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառումն արդյունավետ հարթակ է ` ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ու փորձի փոխանակման համար: «Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ ոլորտի անմիջական պատասխանատուներից տեղեկանալ իրականացվող բարեփոխումների եւ որդեգրված քաղաքականության մասին»,-նշեց նա: Վ. Տերտերյանը կարեւորեց, որ երրորդ համաժողովին, համայնքապետերից բացի, մասնակցում են նաեւ ավագանու անդամներ,  քանի որ համաժողովի ընթացքում քննարկվելու են նաեւ ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:   
 
Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց եւ  արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին:  Նա նկատեց, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի: «Մենք սիրով ենք հյուրընկալում համաժողովը, քանի որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում քննարկելու  ոչ միայն գյուղական համայնքների, այլեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ինստիտուցիոնալ խնդիրները»,-նշեց մարզպետը:
 
Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն  համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող հետեւյալ տասը թեմատիկ կլոր սեղանները.
 
1. Տեղական ինքնակառավարման ոլորտ . Վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական եւ  արդյունավետություն:
 
2. Ստուգումներ եւ վարչական հսկողություն. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության)  եւ վարչական հսկողության  գործընթացի կանոնակարգում, վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթը  համայնքներում:
 
3. Գնումների գործընթաց . ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում:
 
4. Մրցակցային համայնք. Համայնքների զարգացումը, մրցակցային համայնքի տեսլականը, համայնքների 4-ամյա զարգացման պլանները եւ դրանց իրավական կարգավորումները: 
 
5.Շրջակա միջավայր. Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում,  բարելավման ծրագրեր, խնդիրներն ու լուծման առաջարկները:
 
6. Զբոսաշրջություն, տնտեսական զարգացում. Զբոսաշրջությունը որպես գործարար միջավայրի զարգացմանը նպաստող գործոն, համայնքային բրենդի ձեւավորումը, զարգացումը եւ խթանումը, համայնքների մրցակցային  առավելությունները,  ներկա  իրավիճակը, խնդիրները եւ լուծման առաջարկները:
 
7. Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը եւ անհրաժեշտ փոփոխությունները, գյուղացիական տնտեսությունների ներկա իրավիճակը,  խնդիրները եւ  լուծման առաջարկները:
 
8. Տեղական ինքնակառավարման ոլորտ. Համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասությունների շրջանակը, «Ավագանու ինստիտուտ»-ի ձեւավորումը,  ընթացիկ խնդիրները եւ լուծման առաջարկները:
 
9.  ՓՄՁ զարգացումը Հայաստանում.  Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն ու ներկա օրենսդրությունը,  գործարարությունը տեղական մակարդակում,  ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցությունը:
 
10. Հողերի կառավարում . ՀՀ գյուղական համայնքներում հողային օրենսդրության պահանջներին համապատասխան վերահսկողության իրականացման ընթացքում առկա խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղիները: 
 
Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տարի համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ մարզական  միջոցառումներ. մարզերի թիմերը կմասնակցեն շախմատի եւ նարդու մրցաշարերին,  ինչպես նաեւ «Ինչ, որտեղ, երբ»  ինտելեկտուալ խաղ-մրցույթին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն