Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի հանդիպումը Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ


Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի հանդիպումը Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

  • 17-10-2013 11:27:38   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպել է Երևանում գտնվող Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ Երևանի և Լենինգրադի մարզի միջև առկա են գործակցության լայն հնարավորություններ, և այդ համատեքստում կարևոր է  երկու քաղաքների գործարար շրջանակների միջև կապերի խորացումն ու ընդլայնումը: 


<<Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն իսկապես հաջողված է,  երկու կողմերի ներուժն՝ ակնհայտ: Երևանի քաղաքապետը ևս կարևորում է  Երևանի և Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև այլ քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացումը>>,- նշել է Կամո Արեյանը:  
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լենինգրադի շրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմահիլովն իր հերթին բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է կողմերի հարաբերություններում: 


<<Վստահ եմ, որ առաջիկայում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերի իրականացումից զատ, կընդլայնվի ու առավել գործնական կդառնա նաև երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը>>,- նշել է Ռաշիդ Իսմահիլովը:    
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի անունից մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գործարար շրջանակներին՝ Երևանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և փոխգործակցություն ծավալելու հարցում:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play