ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը


ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը

  • 18-10-2013 16:13:57   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Երևանում հավատարմագրված դեսպաններ,
գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
 
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակման կապակցությամբ՝նախարարը ասաց. «Հետաքրքրությամբ եմ կարդացել կարևոր գիտական արժեք ունեցող այս մենագրությունը և վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլև առավել լայն շրջանակի ընթերցողների համար»,- նշեց արտգործնախարար Նալբանդյանը:
 
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով արտգործնախարարությանը գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, Հայկ Դեմոյանը ասաց, որ այս գիրքը տասնհինգ տարվա իր գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է, որտեղ ներկայացված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ՝ դրա ծագումից մինչև մեր օրերը։ Նա շեշտեց, որ սույն աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում մինչ օրս անհայտ պատմական, արխիվային վավերագրեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այս խնդրի վերաբերյալ։
 
«Բերված ընդարձակ նյութի վրա աշխատությունում հիմնավորվում է, որ Թուրքիան հանդես գալով Ադրբեջանի կողմից լրջորեն նպաստեց հիմնախնդրի թեժացմանը, և շարունակում է բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա», – ընդգծեց Հայկ Դեմոյանը։
 
Գրքի գիտական արժեքների մասին խոսեցին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը։
Նոյյան տապան  -   Նոր գրքեր