ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության "Իրական քաղաքականություն" հաղորդմանը
31-12-2010 17:29:53 | Հայաստան | Հարցազրույցներ
Կ.Բ. Բարի երեկո, "Իրական քաղաքականության" այսօրվա թողարկումը փոքր-ինչ տարբերվելու է մեր այլ թողարկումներից, սակայն ունեցել ենք այսպիսի առիթներ եւ այսօր մենք ենք հյուրի կարգավիճակում: Հյուրի կարգավիճակում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: Բավականին բնական է մեր կարծիքով, որպեսզի փորձենք ամփոփել տարին արտաքին քաղաքականության առումով, եւ միանգամից ներկայացնենք մեր հյուրին, այսօր մեր տաղավարում... Սխալ է ասել տաղավարում ենք, այսօր մենք հյուրընկալվել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին: Բարի երեկո պարոն Նալբանդյան:
Է.Ն. Բարի երեկո:
Կ.Բ. Նախեւառաջ շնորհակալություն մեզ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար, թե ժամանակի իմաստով, թե այս գեղեցիկ սրահում հաղորդումը եթեր հեռարձակելու համար: Փորձենք ամփոփել տարին: Փաստորեն կարելի է ասել հաշված ժամեր են մնացել նոր տարվան եւ առաջինը երեւի, ի՞նչը կհիշվի 2010 թվականից, պարոն Նալբանդյան, արտաքին քաղաքականության առումով:
Է.Ն. Նայած ով է հիշողը: Կատակում եմ իհարկե: Կարծեմ, որ բավական բան կա դրական իմաստով, որ մեր հիշողության մեջ կմնա:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով միջազգային հանրության համար առավել ակնհայտ դարձան Հայաստանի կառուցողական եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումները:
2010 թվականին էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այցելեց Հայաստան, դա Ռուսաստանի նախագահի առաջին պետական այցելությունն էր Հայաստան: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կարեւոր են ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների իմաստով, այլ կարեւոր էր նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման եւ Հայաստանի տնտեսական զարգացման առումով:
Բավական երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը 2010 թվականին այցելեց Վաշինգտոնում եւ հանդիպում ունեցավ նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան այցելեց եւ Երեւանում անցկացրեց Միացյալ Նահանգների ազգային տոնը:
2010 թվականին էր, որ մենք մեկնարկեցինք բանակցությունները Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ:
2010 թվականին էր, որ ՀԱՊԿ-ի վեց անդամ երկրների նախագահները հանդիպեցին Երեւանում եւ Սեւանում եւ կարեւորագույն որոշումներ ընդունեցին:
2010 թվականին էր, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի հետ եւ հանդես եկավ աշխարհի, միջազգային հանրության առջեւ որպես անվստահելի գործընկեր, ի տարբերություն Հայաստանի:
2010 թվականին էր, որ չնայած հայտնի դժվարությունների, Հայաստանը հիմնեց 7 նոր դեսպանություն:
2010 թվականին էր, որ մենք բացեցինք Դիվանագիտական դպրոցը:
Այնպես որ կարծում եմ, բավական շատ բան կա հիշելու:
Կ.Բ. Պարոն նախարար, ցանկը բավական մեծ է եւ դա փաստորեն ահագին հարցերի տեղիք է առաջացնում, որովհետեւ մենք փորձելու ենք հիմա մանրամասնել ուղղություններից յուրաքանչյուրը: Նախ երեւի սկսենք փոխայցելություններից, եւ նախագահական եւ մեր արտաքին քաղաքականությանը առնչվող: Փոխայցելությունների մասով ինչը առավել կարելի է հիշարժան համարել եւ առանձնացնել ամբողջ ցանկից ակտիվ 2010 թվականին:
Է.Ն. Ճիշտ եք, 2010 թվականը բավական ակտիվ էր թե Հայաստան այցելություններով, թե արտերկիր այցելություններով: Բազմաթիվ այցելություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի նախագահի, վարչապետի կողմից: Կցանկանայի նշել, որ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահը 22 այցելություն է կատարել: Այդ 22 այցելություններից յուրաքանչյուրը ուներ իր նպատակը, իր ուղղվածությունը, իր նշանակությունը եւ իր կարեւորությունը: Կցանկանայի հատուկ նշել, որ 2010 թվականին Հանրապետության Նախագահը այցելեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ֆրանսիա:
Կ.Բ. Պարոն նախարար, հեռուստադիտողները կարծում եմ մեծ անհամբերությամբ սպասում են, որպեսզի անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, սակայն մինչեւ դրան անդրադարձը մի մասնավոր հարց եմ ցանկանում տալ. Վերջին օրերին ,Սքայփիե հետ կապված բավականին աղմուկ եղավ, երբ Ադրբեջանը բողոք էր բարձրացրել կապված հեռախոսակապի ծառայությունների՝ Լեոնային Ղարաբաղում մատուցման հետ: Մենք այս առումով ինչ-որ արձագանքելիք ունե՞նք, պարոն նախարար:
Է.Ն. Գիտեք, այդ"Սքայփի" պատմությունը եւս մեկ անգամ մատնեց Բաքվի վերաբերմունքը Ղարաբաղում ապրող ժողովրդի հանդեպ: Որոշ ժամանակ առաջ բողոքում էին, որ ընդհանրապես հեռախոսային կապ է գործում Ղարաբաղում: Հետո խիստ նեղացան, որ գյուղերից մեկում ծննդատուն բացվեց: Զայրացել էին, որ խմելու ջուր է անցկացվել մի քանի գյուղում: Այսպես որ շարունակեն, կարելի է բողոքել նաեւ, որ Ղարաբաղում թթվածին կա: Ի՞նչ է սա նշանակում, այսինքն եթե Ղարաբաղը լիներ իրենց իրավասության տակ՝ ապա կարելի է, եթե ոչ՝ ապա ոչինչ չի կարելի: Այդ ոճով կարելի է բողոքել, որ Ձմեռ պապին գալիս է շնորհավորելու Ղարաբաղի երեխաներին, կամ որ ձյուն է գալիս Ղարաբաղի դաշտերի, անտառների վրա:
Ակնհայտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը կառուցում է իր կյանքը, ուսուցիչը դասավանդում է, գրողը՝ գրում է, նկարիչը՝ նկարում է, բժիշկը կամ ճարտարապետը, այլ մասնագետները զբաղված են իրենց գործով, այս բոլոր մարդիկ ոչ պակաս քան որեւէ մեկը այս արեւի տակ, կրկնում եմ ոչ պակաս քան որւեիցե մեկը այս արեւի տակ, իրավունք ունեն տնօրինելու իրենց կյանքը եւ այն ինչ որ անում է Ադրբեջանը, դա բնության դեմ գնալ է, հասարակական զարգացման օրենքներին ընդդիմանալ է: Եվ ինչի կհասնեն այս մոտեցմամբ: Կարծում եմ, որ այդ վերաբերմունքի պատճառով էր նաեւ որ հիմնախնդիրն առաջացավ: Եվ այսպես շարունակելով, ինչպես կարելի է ենթադրել, որ որեւէ մեկը, ով ապրում է Ղարաբաղում, կհավատա Ադրբեջանի սիրուն խոսքերին:
Կ.Բ. Պարոն նախարար, փորձենք անդրադառնալ արդեն բուն բանակցային գործընթացին: Ու՞ր ենք հասել այսօր եւ 2010-ը այս առումով ի՞նչ ճշգրտումներ, շտկումներ, առաջընթաց ենք ունեցել:
Է.Ն. Գիտեք, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է 3 սկզբունք եւ 6 տարր: Այդ 6 տարրերը պարունակվում էին եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունների մեջ թե լ'Աքվիլայում եւ թե Մուսկոկայում:
Ի՞նչ են ասում միջազգային հանրությունը, միջնորդները: Ի՞նչ է ասում Հայաստանը: Միջազգային հանրությունը, միջնորդները ասում են: Ասում են այդ սկզբունքները, այդ տարրերը, այդ առաջարկները մշակվել են եւ առաջարկվել են որպես մեկ ամբողջություն: Եվ տարանջատել որեւէ այդ տարրերից կամ սկզբունքներից որեւէ մեկը մյուսներից կամ առավելություն տալ, գերակայություն տալ մյուսների հանդեպ սխալ է եւ անընդունելի: Ի՞նչ է ասում Հայաստանը: Հայաստանը ասում է, որ ընդունում է այդ առաջարկները, այդ սկզբունքները, այդ տարրերը, որպես հիմք՝ կարգավորման բանակցությունների համար եւ ընդունում է որպես ամբողջություն: Այսինքն մենք ասում ենք այն, ինչ ասում է միջազգային հանրությունը: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ, որ իրենք էլ չեն հասկանում ինչ են ասում: Ասում են ,այո, բայցե, ,այո սակայնե, ,այո ,երեւի ոչե: Պարզ պատասխան է հարկավոր` "Այո կամ Ոչ", ընդունում եք այս առաջարկները թե ոչ: Միջազգային հանրությունը ասում է, որ պետք է գնալ խաղաղ կարգավորման: Հայաստանը ասում է՝ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը:
2010 թվականին նորից վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որ 2008 թվականից արդեն ակնհայտ էին, եւ ներառված էին 2008 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի 56 նախարարների հայտարարության մեջ Հելսինկիում, ապա 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում եւ 2010 թվականին Ալմաթիում, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եռա նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով արված հայտարարության մեջ: Այս ամենը ընդգծվեց նաեւ 2010 թվականին Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունում, Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված հռչակագրում, Աստանայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հնգակողմ հայտարարության մեջ: Ես կարող եմ եւս մեկ անգամ ասել, որ այս բոլոր հայտարարությունները եւ նրանցում պարունակվող մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշոմանը:
Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Աստանայում հնգակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական պատվիրակությունը մեծ ջանքեր գործադրեց, որ այն հայտարարությունը ոչ միայն չողջունվի մյուս երկրների կողմից, այլ նաեւ ընդհանրապես չհիշատակվի եզրափակիչ փաստաթղթերում:
Կ.Բ.Այն դեպքում, երբ իրենց ստորագրությունը կա այդ փաստաթղթի տակ:
Է.Ն. Այո այն դեպքում, որ Ադրբեջանն էլ է ընդունել այդ հայտարարությունը:
Եվ դրա համար եմ ես ասում, որ 2010 թվականը այն տարին է, երբ առավել ակնհայտ դարձավ մեր՝ Հայաստանի կառուցողական եւ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը: Այսինքն այսօր Ադրբեջանը, չնայած նրան, որ ձեւացնում է, որ ինչ-որ մեկը պաշտպանում է իր դիրքորոշումները, իրականում հակադրվել է միջազգային հանրության կարծիքին: Այսօր բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, կառույցները, երկրները ունեն այն մոտեցումները, այն դիրքորոշումները, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը:
Կ.Բ. Շնորհակալություն պարոն նախարար, անդրադառնանք մեր անմիջական հարեւաններին: Այս ուղղահայաց գծով Վրաստան, Իրան: 2010 թվականը մեր երկու հարեւանների հետ հարաբերություններում ինչ հիշարժան իրադարձություններ են տեղի ունեցել:
Է.Ն. Գիտեք, հարեւանների մասին խոսելիս պետք է նայենք քարտեզի վրա, որպեսզի պատկերացնենք, թե ինչքան ենք մենք շահագրգիռ այդ երկրների կայունության, անվտանգության եւ իրենց հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման մեջ:
2010 թվականը եղավ այն տարին, երբ ոչ միայն բնականոն հունով ընթացան հարաբերությունները, այլ նաեւ նոր հավակնոտ ծրագրեր էինք մշակում, նախապատրաստում էինք այդ ծրագրերի իրականացումը: Վրաստան այցելեց Հայաստանի Հանրապետության Նախագահը: Կարծում եմ շուտով կարող ենք ակնկալել նաեւ Վրաստանի նախագահի փոխադարձ այցելությունը:
Իրանի հետ բավական ակտիվ փոխայցելություններ կայացան, Իրանում եղավ Հայաստանի Հանրապետության վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, էներգետիկայի նախարարը, Իրանից Հայաստան այցելեցին Մեջլիսի նախագահը, էներգետիկայի նախարարը, արտգործնախարարը: Այս հարաբերություններն իսկապես բավականին կարեւոր են եւ արվելու է հնարավորը առավել զարգացնելու հարաբերությունները թե Վրաստանի, թե Իրանի հետ:
Կ.Բ. Պարոն նախարար, անդրադառնանք եվրոպական ուղղությանը, մասնավորապես նշելով ԵՄ համատեքստում. Եվրոպական Հարեւանության Քաղաքականություն, Արեւելյան Գործընկերության ձեւաչափ: Արեւելյան Գործընկերության ձեւաչափի ներքո փաստորեն ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ: Պարոն նախարար, ինչ փուլում են ընթանում բանակցությունները, փորձենք ընդհանրացնել տարվա կտրվածքով եւ մի փոքր էլ փորձենք անդրադառնալ եվրոպական հիմնական գործընկերների հետ՝ օրինակ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի հետ մեր հարաբերությունների երկկողմ ձեւաչափին:
Է.Ն. Ինչ վերաբերվում է ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, արդեն նշեցի, որ այս տարի դրանք մեկնարկեցին: Մեկնարկից` Հուլիսից մինչ այսօր երեք փուլ բանակցություններ են վարվել եւ նաեւ աշխատանքային խմբերի յոթ հանդիպումներ են եղել, որոնց արդյունքում բավականին առաջընթաց կա: Մենք սկսել ենք բանակցությունները 14 ուղղություններով, եւ այսօր 5-6 ամսվա ընթացքում, փաստորեն, արդեն եզրափակել ենք բանակցությունները 9 ուղղությամբ: Դա խոսում է նրա մասին, որ բանակցությունները իսկապես արդյունավետ են ընթանում եւ նաեւ ցույց է տալիս մեր՝ բավական մոտ դիրքորոշումները ԵՄ-ի հետ բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Ասոցիացման համաձայնագրի կնքումը նոր մակարդակի կբարձրացնի եւ նոր իրավական հիմքերի վրա կդնի մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նաեւ այդ շրջանակներում մենք քննարկում ենք խորը համապարփակ առեւտրային գոտու ստեղծման հարցը եւ նախապատրաստում ենք բանակցությունների մեկնարկը, որը հուսով ենք կլինի մոտ ապագայում: Արդեն մյուս տարվա սկզբից բանակցություններ կվարվեն վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ, ինչը իհարկե բարենպաստ հնարավորություններ կստեղծի ոչ միայն մարդկային շփումների, ընդհանրապես հումանիտար, նաեւ բիզնես կապերի առումով: Կարծում եմ, որ մենք հնարավորինս արագ կանցկացնենք այդ բանակցությունները, իսկ հաջորդ փուլը ընդհանրապես վիզաների վերացմանն է վերաբերում: Իհարկե դա այդքան մոտ ապագայի հարց չէ: Բայց սա է ապագայում մեր նպատակը:
Ինչ վերաբերվում է մեր գործընկերներին՝ Եվրամիության անդամ բազմաթիվ երկրների հետ մենք ունենք բավական լավ հարաբերություններ: 2010 թվականին թե Ֆրանսիա, թե Գերմանիա կատարվեցին Նախագահի պաշտոնական այցելություններ, հանդիպումներ կայացան նախագահ Սարկոզիի եւ կանցլեր Մերկելի հետ, բավական կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Իհարկե այս հարցազրույցի շրջանակներում ավելի մանրամասներ ներկայացնելու համար գուցե ժամանակը չի ներում, բայց կարծում եմ արտգործնախարարության տարեկան ամփոփագրի մեջ առավել մանրամասնորեն կներկայացվեն ԵՄ անդամ երկրների հետ մեր հարաբերությունները:
Կ.Բ. Շնորհակալ եմ, պարոն նախարար, անդրադառնանք Թուրքիային: Ունեինք բավականին, այսպես ասենք տարակուսանքներ Մի կողմից թուրքական իշխանությունները ամենաբարձր մակարդակով, նախագահի, արտգործնախարարի մակարդակով շարունակում են խոսել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին: Մյուս կողմից դա շարունակում են փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Եվ միաժամանակ կարծես թե օգտագործում են այս առիթը եղած իրավիճակը տարբեր երկրներին դիմելով՝ չմիջամտելու՝ նույն ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված՝ բոլորին ասելով թե մենք հայերի հետ աշխատում ենք: Արդյոք արդեն միջազգային ընկալումը, հասարակական կարծիքը կարողացել է Թուրքիայի դեմքը բացահայտել:
Է.Ն. Ես կասեի 2010 թվականին միանշանակ ակնհայտ դարձավ, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Եվ տարօրինակ է, որ երբ բոլորը ասում են... Գիտեք, ֆուտբոլ կարող ես լավ չխաղալ, բայց երբ գնդակը գտնվում է քո դաշտում եւ տրիբունաները գոռում են այդ մասին, աղաղակում են, որ քո դաշտում է եւ դու չես տեսնում, դա արդեն այլ ոլորտից է: Եվ ոչ միայն չտեսնել, այլ փորձել ինչ-որ այլ բան ձեւացնել՝ դա ինքնախաբեություն է: Այդ ինքնախաբեությամբ կարող ես միայն քեզ խաբել: Ոչ ոքի չես կարող համոզել: Ակնհայտ է` տարբեր մայրաքաղաքներից հնչում է մեկ բան, որ Հայաստանը արեց հնարավորինը, անցավ իր ճանապարհը, հիմա Թուրքիան պիտի անի համապատասխան քայլեր: Նախապայմանների լեզվին վերադառնալը, որն օգտագործվել է այս գործընթացը սկսելուց առաջ, եւ դա իհարկե չի եղել գործընթացի ժամանակ, ինչի մասին քաջատեղյակ են թե միջնորդները, թե աջակից երկրները: Այդ մոտեցումը անընդունելի է: Թուրքերն ասում են, որ ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել: Առաջին հերթին հենց թուրքական կողմն է վնաս հասցրել եւ հասցնում կարգավորման գործընթացին իր մոտեցմամբ: Իսկ միջազգային հանրությունը միտված է դեպի ցեղասպանության ճանաչումը: Թուրքական բոլոր փորձերը դեմ գնալ դրան դատապարտված են ձախողման: Կարծում եմ, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, ապա մենք ունենք ստորագրված արձանագրություններ, եւ ի վերջո ամբողջ միջազգային հանրությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը, այլ միջազգային կառույցներ, բազմաթիվ երկրներ, բոլորն ասում են, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել եւ հարգել պայմանավորվածությունները: Այնպես որ իսկապես 2010 թվականը ցույց տվեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր միջազգային հանրության հանդեպ:
Կ.Բ. Պարոն, նախարար, 2010-ը աչքի ընկավ նաեւ Վիքիլիքսի սկանդալով: Փաստորեն այդ բոլոր փաստաթղթերի հրապարակումը շարունակական... բավական մեծ աղմուկ բարձրացրեցին եւ միջազգային կարելի է ասել բոլոր աստիճաններում... Ի՞նչ այս սկանդալը կթողնի որպես հետք ընդհանրապես միջազգային հարաբերությունների համատեքստում, դիվանագիտության համատեքստում, իրական քաղաքականության համատեքստում:
Է.Ն. Կարծում եմ, եւ հուսով եմ, որ սա բավական ժամանակավոր երեւույթ է: Դիվանագիտության պատմության մեջ պատահել է մեկ անգամ, դա Ռուսաստանում հեղափոխությունից հետո էր, երբ որ Լենինի հրահանգով նոր արտաքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատում էին միայն 20-30 հոգի, հանձնարարվեց խումբ ստեղծել եւ այդ խմբի մեջ մտավ նախարարության կեսը: Խումբը` Նիկոլայ Մարկինի գլխավորությամբ զբաղվում էր դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի նախապատրաստմամբ, խմբագրմամբ, հրատարակմամբ, որոնք յոթ հատորով լույս տեսան: Իհարկե գլխավոր նպատակը նախկին իշխանությունների վարկաբեկումն էր: Դրա հետ զուգահեռ հայտարարվում էին նաեւ, որ նոր կառավարությունը ոչ է ասում գաղտնի բանակցություններին եւ որեւէ ոչ հրապարակային բանակցություններին: Հետո իհարկե հետ կանգնեցին, որովհետեւ դիվանագիտությունը վիքիլիքսություն չէ: Ես չգիտեմ մի այդպիսի հաջողված փորձ, որ թերթերի հրապարակումների միջոցով կարելի է բանակցել եւ հաջողության հասնել: Գիտեք, անգամ մարդկային հարաբերությունների մեջ. դուք պատկերացրեք, որ նամակագրությունը ինչ-որ երկու անձի կամ անձերի միջեւ հրապարակեն, որտեղ անձնական հարցեր կարող են լինել, մտերիմների մասին տարբեր կարծիքներ կան: Չեմ կարծում, որ սա բոլոր դեպքերում այն երեւույթն է, որը կարող է աջակցություն ունենալ:
Կ.Բ. Պարոն նախարար, շնորհակալություն, 2010 թվականը ֆինանսական առումով բավականին դժվար տարի էր: Մենք ականատեսը եղանք, որ բացեցինք մի շարք դեսպանություններ: Ինչով էր սա պայմանավորված, եւ հարցս այսպես ձեւակերպեմ: Արդյոք արդարացված էին ծախսերը:
Է.Ն. Գիտեք, ոչ ամեն ինչն է, որ ֆինանսներով կարելի է չափել: Վերջին իմ այցելությունը այս տարի կատարվեց Իսպանիա: Իսպանիայում մեր հարեւան երկրները երկար ժամանակ դեսպանություններ ունեն: Իսպանիան ոչ միայն եվրոպական երկիր է, եւ միջազգային հարաբերությունների մեծ դերակատար: Աշխարհում մեկ մոտ մեկ միլիարդ մարդ խոսում է իսպաներեն: Եվ այս իսպանական քաղաքակրթության մաս են կազմում եւ ուղղակի կամ անուղղակիորեն կապված են Իսպանիայի հետ: Արդյո՞ք մեզ պետք է ունենալ Իսպանիայում դեսպանություն: Կարծում եմ, որ պատասխանն է ակնհայտ է:
Կ.Բ. Պարոն նախարար, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի համար: Թույլ տվեք մեր"Իրական քաղաքականության" անունից շնորհավորել Ձեզ գալիք Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, ցանկանալ ու մաղթել ամենայն բարիք Ձեր դժվարին աշխատանքում: Ի դեմս Ձեզ, ողջ Ձեր անձնակազմին արտգործնախարարության եւ ընդհանրապես դիվանագիտական ողջ անձնակազմին, որ այս ոլորտում իրոք ծանր աշխատանք են կատարում: Միեւնույն ժամանակ, օգտվելով առիթից կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ"Իրական Քաղաքականություն" հաղորդաշարի ողջ ընթացքում բավականին ակտիվ համագործակցության համար: Եվ իհարկե խոսքը տամ Ձեզ Ձեր մաղթանքը սպասվող Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ:
Է.Ն. Կցանկանայի հղել պարզ մարդկային մաղթանքների, որ իրականան այն երազանքները, այն ցանկությունները, որոնք յուրաքանչյուրս մտածում է 31-ի կեսգիշերին, որ ընտանիքներում լինի սեր եւ համերաշխություն, որ ծնողները հպարտանան իրենց զավակներով, եւ երեխաները ուրախացնեն ծնողներին, որպեսզի ստեղծվեն նոր ընտանիքներ, եւ այդ նոր ընտանիքներում ծնվեն առողջ երեխաներ: 2011թվականը հոբելյանական տարի է, մենք նշելու ենք Հանրապետության քսանամյակը: Ինչ կարելի է մաղթել մեր ժողովրդին, որն ունի հազարամյա պատմություն եւ քսանամյա նոր պետականություն ունի: Պետականության ամրապնդում, որովհետեւ ամուր պետությունը կարող է տեր դառնալ իր անցյալին, վերցնել իր ձեռքը ներկան, եւ տնօրինել իր ապագան: Ես կցանկանայի մաղթել նաեւ որ մեր ժողովրդի, մեր պետության բարեկամներն աշխարհով մեկ, բազմապատկվեն: Բարի Նոր տարի բոլորին:
Կ.Բ. Շնորհակալություն պարոն նախարար, Ձեզ էլ ամենայն բարիք եւ երջանկություն: Մեր հյուրն էր այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այսօր այսքանը: Շնորհավորում ենք բոլորիդ սպասվող ամանորի եւ սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, կհանդիպենք: