Արթուր Աբրահամը հաղթեց իտալացի Ջովանի Դե Կարոլիսին (Տեսանյութ)


Արթուր Աբրահամը հաղթեց իտալացի Ջովանի Դե Կարոլիսին (Տեսանյութ)

  • 27-10-2013 15:33:58   | Գերմանիա  |  Սպորտ


Հոկտեմբերի 26-ին, Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (38-4, 28 ) "WBO Intercontinental" գոտու համար մենամարտում հաղթանակ տարավ 29-ամյա իտալացի Ջովանի Դե Կարոլիսի (20-5, 10 ) նկատմամբ: Աբրահամը 12 ռաունդից հետո հաղթեց 120:108, 119:109, 119:109 հաշվով:
Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականի տարեսկզբին։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 42 մենամարտ, որոնցից 38-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով:
 
 Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play