Ճանաչողական այցեր դեպի Արցախի պատմամշակութային վայրեր


Ճանաչողական այցեր դեպի Արցախի պատմամշակութային վայրեր

  • 12-11-2013 16:59:42   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 7-ից 10-ը Մայր բուհի ուսանողները ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ և Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ՈՒԳԸ-ի աջակցությամբ հերթական անգամ այցելեցին Արցախ: Նրանք պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ նախ եղան Կովսական քաղաքում, որտեղ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում կազմակերպեցին հուշ-ցերեկույթ: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու կատարվեցին պարեր, երկու հայկական պետությունների երիտասարդների միավորումից հայրենասիրական ոգու հզոր «պայթյուն» էր առաջացել: ԵՊՀ ուսանողները համալսարանի կողմից դպրոցին նվիրեցին գրքեր և համակարգիչ:
 
Ի դեպ, Կովսականում հիմնվեց ԵՊՀ ընկուզենիների պուրակ, որի նախադեպն արդեն կա Բերձորում: Նշենք, որ Մայր բուհի ուսանողներն ամեն տարի Կովսական այցելելու և պուրակում ծառերի թիվն ավելացնելու պատրաստակամություն հայտնեցին:
 
Հաջորդ օրն ուսանողներն այցելեցին Արցախի պետական համալսարան: Նրանք ծաղիկներ դրեցին Արցախի համալսարանի զոհված ուսանող ազատամարտիկների հուշաքարին: Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության և ԵՊՀ ուսանողական խորհրդի միջև կնքվեց հուշագիր, ըստ որի՝ պետք է համագործակցության ամուր կամուրջ ստեղծվի երկու համալսարանների միջև:
 
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը նշեց, որ ցանկացած առիթով պատրաստ են համագործակցել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ. «Հուշագրի ստորագրումը մեր ուսանողական կառույցների համագործակցության առաջին քայլն էր: Մենք պատրաստ ենք տարբեր առիթներով համագործակցելուն: Մեր երիտասարդները պետք է հասկանան, որ Հայաստանը և Արցախն առանձին չեն. երկուսը միասին մեկ ընդհանուր հանրապետություն է, որը ձեռք ենք բերել մեր հերոսների արյան գնով»:
 
Արցախի պետական համալսարանի ուսանողները ԵՊՀ-ի համար ավանդական դարձած միջոցառումներին նույնպես մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին: Երկու  համալսարանների ուսանողների միջև կազմակերպվեցին նաև մարզական, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ:
 
Երիտասարդության համաշխարհային օրվա նախօրեին էլ ԵՊՀ ուսանողները հանդիպեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվեցին երկու հայկական պետությունների երիտասարդությանն առնչվող խնդիրներ: Նարինե Աղաբալյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները, համագործակցությունները Արցախի և Հայաստանի երիտասարդների համար պետք է կենսակերպ դառնան:
 
«Պետք չէ մասնակցել միայն կենտրոնացված հանդիպումների: Դուք ինքներդ էլ կարող եք կապեր ստեղծել, մասնակցել Արցախում կազմակերպվող միջոցառումներին, ինչի արդյունքում Հայաստան-Արցախ կապն ավելի ամուր կլինի, կծնվեն նոր գաղափարներ՝ ի նպաստ մեր երկու պետությունների»,- ուսանողների հետ զրույցում ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:
 
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը բուհի ղեկավարության անունից նշեց, որ պատրաստ են թև թևի տված գործել՝ ի նպաստ մեր երկու հանրապետությունների.«Մենք պատրաստ ենք համագործակցել, աջակից լինել Արցախի ուսանողներին, երիտասարդությանը»:
 
Ստեփանակերտում ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Պարգև սրբազանի հետ, ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ, խոսեցին երկու հայկական պետություններին առնչվող խնդիրների մասին: Մայր բուհի ուսանողները եղան նաև Արցախի բանակի զորամասերից մեկում, գրքեր նվիրեցին զորամասին, ծանոթացան զինվորական առօրյային:
 
Այցի շրջանակում տեղի ունեցան ճանաչողական այցեր դեպի Արցախի պատմամշակութային վայրեր: Ուսանողները եղան Արցախի կերպարվեստի պետական թանգարանում, Գանձասարում:
 
Արցախ կատարած այցի վերջին օրն էլ ԵՊՀ ուսանողները Բերձորում ծառատունկ կազմակերպեցին և վերադարձան Երևան:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play