ՀՀ Կառավարություն.Կկանխվեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքի խախտումները


ՀՀ Կառավարություն.Կկանխվեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքի խախտումները

  • 28-11-2013 14:36:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Կկանխվեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքի խախտումները
 
 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու իրավակիրառ պրակտիկան:
Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն: Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով: Մտքերի փոխանակության ընթացքում դրա պատճառ է համարվել պատշաճ իրազեկվածության բացակայությունը: Այս հիմնավորմամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել պատգամավորների առաջարկության ընդունումը: Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է տնտեսվարողներին հասցնել օրենքով սահմանված արտոնության էությունը:
Քննության է առնվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 2.5 տոկոս: Գտնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձևով, կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավորին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
 
 
Սահմանափակվում են կանխիկ ծախսերը
 
 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ 2013թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: Բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, գործուղման ծախսերն ու կրթաթոշակները կհատկացվեն բանկային վճարային քարտերին փոխանցման միջոցով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որոշ ծախսեր կատարել վարկային քարտերի միջոցով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:
Գործադիրը հաստատել է նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը: Որոշման ընդունմամբ եկամտային հարկով հարկման նպատակով հնարավորություն է ստեղծվում եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ներառել այն անձանց, ում վերաբերող տեղեկությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարությունն իր նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը: Որոշման ընդունումը թույլ կտա Եվրամիության չափորոշիչներին համապատասխան արդիականացնել անցագրերի հատկացման աշխատանքը, ստեղծել բոլոր տեսակի անցագրերի տվյալների պաշտպանված շտեմարան, որը հնարավորություն կստեղծի կատարելագործել անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play