«Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը 55 տարեկան է


«Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը 55 տարեկան է

  • 05-12-2013 20:27:04   | Հայաստան  |  Մշակույթ
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ և «Դար» հիմնադրամի աջակցությամբ 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կկայանա գրական-երաժշտական երեկո` նվիրված «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի`հայկական միակ ռուսալեզու գրական ամսագրի  55-ամյակին:
 «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1958 թվականի դեկտեմբերին: Տարբեր տարիներին ամսագրի էջերում հանդես են եկել Ստեփան Զորյանը, Գեղամ Սարյանը, Նաիրի Զարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Մարո Մարգարյանը, Գուրգեն Մահարին և այլոք:
 
60-ական և հաջորդող տարիներին «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը հրատարակում էր այնպիսի ստեղծագործություններ, որոնք չէին կարող հրատարակվել կենտրոնական ամսագրերում. երկարատև ընդմիջումից լույս են տեսել Օ. Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծությունների շարքը և «Ճանապարհորդություն դեպի Հայաստանը»:  Այստեղ է առաջին անգամ հրատարակվել Ս. Գորոդեցկու «Շամիրամի այգիներ» վեպը, Վ. Գրոսմանի «Բարին ընդ ձեզ», Յու. Կառաբչիևսկու «Հայաստանի կարոտը» վիպակները,  Ա. Բելիի, Մ. Ցվետաևայի, Վ. Բրյուսովի, Մ. Վոլոշինի, Ա. Բիտովի բանաստեղծություններն ու արձակը, ինչի շնորհիվ էլ ամսագիրը նույն շարքում էր այնպիսի հեղինակավոր հրատարակությունների կողքին, ինչպիսիք են «Նովի միր», «Դրուժբա նարոդով», «Զվեզդա», «Զնամյա»: Ամսագիրը 90-ական թվականներին հրաշքով կարողացավ գոյատևել, թեև զգալիորեն սեղմվեցին չափերն և տպաքանակը, իսկ հետագա տարիներին կանգնեց փակման եզրին:
Անցած տարվա վերջին «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը որոշեց ամսագրին երկրորդ կյանք նվիրել:  ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի գրողների միության հետ ամսագրի համատեղ հրատարակման պայմանագիր կնքվեց, որով հիմնադրամը պարտավորվեց իրականացնել ֆինանսավորումը, տեխնիկական վերազինումը` նպաստելով ամսագրի` հանրապետությունում և նրա սահմաններից դուրս տարածմանը:
 
Ներկա պահին պահպանելով իր լավագույն ավանդույթները` ամսագիրը դիմավորում է իր հոբելյանը նոր դիզայնով, նոր բովանդակությամբ, աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով, զուգահեռ  ստեղծվել և արդեն հեղինակություն են վայելում ամսագրի պաշտոնական կայքը և նրա առկայությունը Facebook և ВКонтакте սոցիալական ցանցերում:
 
Հոբելյանին հրավիրվածների թվում են ՀՀ  մշակույթի նախարար Հ.Ս. Պողոսյանը, Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Ի. Կ. Վոլինկինը, ՀՀ-ում  Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Մ. Ա. Կալինինը,  ՌԴ Հանրային պալատի պատվիրակությունը, որի կազմում է բանաստեղծ Անդրեյ Դեմենտևը, ամսագրի հեղինակներ, ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ