Ձվի ներմուծումն ավելացել է. Գյուղնախարարի կանխատեսումները չիրականացան


Ձվի ներմուծումն ավելացել է. Գյուղնախարարի կանխատեսումները չիրականացան

  • 06-12-2013 15:26:21   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Հայաստանյան ընկերությունները շարունակում են արտասահմանյան երկրներից ձու ներկրել` հակառակ նախարարի հավաստիացումներին, թե նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին մեր թռչնաբուծարաններում ձվի արտադրության աճ է սպասվում:
 
Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին, այցելելով հայաստանյան խոշոր թռչնաբուծարաններ, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե հանրապետության բոլոր թռչնաբուծարանները վառեկներ ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակն ավելացրել են, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա «նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի»:
 
Նախարարի մեկնաբանմամբ, դա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի սկզբին օրական արտադրված ձվի քանակը շուրջ 200 000-ով կգերազանցի պահանջարկը, և դեռ հնարավորություն կտա ամանորյա սպառումն ապահովել:
 
Նախարարի այս հայտարարությունները, սակայն, հերքվում են հենց նախարարության կազմում գործող մեկ այլ պետական մարմնի հրապարակած թվերով: 
 
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում ներկայացված վիճակագրության համաձայն` հոկտեմբերին Հայաստան է ներկրվել 246 906 ձու, իսկ նոյեմբերին` ավելի քան 5.6 մլն հատ:
 
Ընդ որում, ներկրված ձվի խմբաքանակները գնալով աճել են. եթե նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստան է բերվել 337 595 հատ ձու, երկրորդ շաբաթվա ընթացքում` 569 067, ապա երրորդ շաբաթում այդ թիվը դարձել է 2 207 853, իսկ չորրոդ շաբաթում` 2 478 240:
 
Փաստորեն, այն օրերին, երբ գյուղնախարարի խոսքով` պետք էր արտադրության աճի սպասել, ներկրվող հավկիթների քանակն էլ ավելի է մեծացել:
 
Հայաստանը ձու է ներմուծում Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից և Բուլղարիայից: Ընդ որում, եթե օգոստոսին ներմուծվել է միայն Ուկրաինայից, սեպտեմբերին՝ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, ապա հոկտեմբերից արդեն ավանդական այս շուկաներին ավելացել է նաև Բուլղարիան:
 
Ասել է թե հայ գործարարներն ընդլայնում են ներմուծման շուկաները, մինչդեռ հայաստանյան վաճառակետերում բոլոր հավկիթներն իրացվում են բացառապես տեղական արտադրողների մակնշմամբ և նույն օրվա ամսաթվով, մինչդեռ պարզից էլ պարզ է, թե առնվազն քանի օր է անհրաժեշտ նշված երկրներից ձուն Հայաստան բերելու, բոլոր ընթացակարգերն անցնելու ու խանութ հասցնելու համար:
 
Այս պայմաններում մնում է միայն ենթադրել, թե ինչ որակի ու ինչ թարմության ձու է մատակարարվելու սպառողին հատկապես տոնական օրերին, երբ պահանջարկը սովորաբար այնքան է ավելանում, որ թռչնաբուծարանների պահեստներից վերանում են նույնիսկ ամենահին ձվերը:
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 

www.pastinfo.am/hy/node/28549#sthash.Z4bwHFyD.dpuf

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play