Դեկտեմբերի 21-ին կմեկնարկի Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013
10-12-2013 10:33:54 | Հայաստան | Հայտարարություններ
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):
Երբ՝ դեկտեմբերի 21-22, 2013թ
Որտեղ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայան
Եթե Դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով Դուք կարող եք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձության ենթարկել խնդիր լուծելու Ձեր կարողությունները, փորձել իրագործել անհնարին թվացող գաղափարները, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն և իհարկե` անմոռանալի ժամանակ անցկացնել:
Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]ը կրում է «Թռիչք» խորագիրը՝ քանի որ հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց այստեղից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
Մասնակցե՛ք մրցույթին Ձեր ընկերների և համախոհների հետ միասին, ներկայացրե՛ք բիզնես ներուժ ունեցող ցանկացած նախագիծ` համակարգչային ծրագիր, տեխնոլոգիական լուծում ցանկացած ոլորտում, հեռախոսային հավելված, խաղ, նորարարություն և դարձե՛ք Հայաստանում ամենամեծ տեխնոլոգիական մրցույթի հաղթող:
Հայտը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ apply@mic.am էլ. հասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թ-ի դեկտեմբերի 10-ը:
Մանրամասների համար զանգահարել +37410 545 343 կամ 093 64 00 14 հեռախոսահամարով: