Նախատեսվում է մեծացնել Աֆղանստանում ՄԱԱՈՒ-ի կազմում ՀՀ զորախմբի թվաքանակը եւ երկարաձգել մասնակցության ժամկետը


Նախատեսվում է մեծացնել Աֆղանստանում ՄԱԱՈՒ-ի կազմում ՀՀ զորախմբի թվաքանակը եւ երկարաձգել մասնակցության ժամկետը

  • 10-05-2011 16:17:05   | Հայաստան  |  Քաղաքական
Գերմանիայի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամենաբարձր գնահատականն է տվել իր հրամանատարության ներքո, Աֆղանստանում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) կազմում, Հայաստանի Հանրապետության զորախմբի մատուցած ծառայություններին եւ իր առջեւ դրված խնդիրների պրոֆեսիոնալ կատարմանը: Նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում ՄԱԱՈՒ-ի իրականացրած առաքելության կարեւորությունը եւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար ավելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը, գերմանական կողմի հետ պայմանավործություն է ձեռք բերվել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման կազմում եւս երկու հետեւակային դասակի ներգրավման եւ մասնակցության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 10-ի նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով 2011 թ. մարտի 26-ին եւ ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թ. հոկտեմբերի 19-ին եւ 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի, ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչեւ 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կազմը` ներկայիս 45 հոգուց հասցնել առավելագույնը մինչեւ 130-ի, հերթափոխերի ժամանակ` առավելագույնը մինչեւ 260-ի: Ինչպես նշեց Ս.Օհանյանը, լրացուցիչ երկու դասակներն իրականացնելու են Մազարի-Շարիֆում տեղակայված հրամանատարության պահպանության առաքելությունը: Ներկայումս 45 հոգուց, այդ թվում 5 հրահանգիչներից, բաղկացած հայկական ստորաբաժանումն իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի թռչքադաշտի, շինությունների պահպանությունը: ԳԴՀ-ի դաշնային պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գերմանական կողմն իր վրա է վերցնում հայկական զորախմբի նյութատեխնիկական ապահովումը, բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների: Նախարարի մատուցմամբ, փորձի փոխանակման առումով ՀՀ ԶՈՒ անձնակազմի մասնակցության նշանակությունն անգնահատելի է: «Դրա շնորհիվ մեր ստորաբաժանումները գործնականում ծանոթանում են արեւմտյան մարտարվեստի վերջին զարգացումներին ու ռազմական մշակույթին, մարտական պայմաններում կիրառում են գերմանական ուժերի կողմից տրամադրվող ամենաարդիական սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու բարձր տեխնոլոգիաները, որդեգրում են նոր մարտավարություն, եւ այդ ամենն անգնահատելի է պաշտպանական բարեփոխումների եւ զինված ուժերի տեսանկյունից»,-ասաց նախարարը: Նշվեց նաեւ, որ տարածաշրջանի հարեւան երկրներ Վրաստանը եւ Ադրբեջանը միջազգային հանրության համար առաջնահերթություն համարվող աջակցման նպատակով ներկայումս տրամադրում են հապատասխանաբար 924 եւ 94 զինծառայող: «Հայստանը չպետք է այս հարցում զբաղեցնի վերջին տեղը Հարավային Կովկասում»,-հայտարարեց Ս.Օհանյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական