ՀՀ կառավարություն. Կկրճատվի արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի քանակը


ՀՀ կառավարություն. Կկրճատվի արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի քանակը

  • 26-12-2013 15:37:21   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխություններից և համապատասխանեցվել են այդ օրենքի դրույթներին: Փոփոխությունների արդյունքում կկրճատվի մաքսային գործի ոլորտում արտոնագրման ենթակա գործունեության տեսակների արտոնագրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին իրավունք է վերապահել` թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող 1987թ. կառուցված միջին ճնշման 159 մմ տրամաչափի 3 հազար 585 գծամետր և 219 մմ տրամաչափի 4 հազար 300 գծամետր երկարությամբ ստորգետնյա գազատար խողովակներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նշված գույքն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին: Որոշման արդյունքում կլուծվի մարզի Պտղավան և Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարման հարցը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարության որոշումներով ՀՀ քաղաքաշինության նախարարության կառուցվածքում ստեղծվել է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմում` զորահավաքային բաժին: Փոփոխությունները կատարվելու են եղած հաստիքային միավորների և գումարների սահմաններում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն