ՀՀ Կառավարություն. Ապահովագրական համակարգն ավելի կայուն կդառնա


ՀՀ Կառավարություն. Ապահովագրական համակարգն ավելի կայուն կդառնա

  • 26-12-2013 15:47:08   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների, այլ մասնագետների կողմից տվյալ բնագավառում կիրառվող խաբեությունները, կեղծիքների խափանման միջոցով կպաշտպանվեն ապահովադիրների շահերը:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կամրապնդվի քննչական մարմինների անկախությունը, կմեծանա քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը և հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարությունում և ՀՀ ոստիկանությունում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:
Նիստում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկրճատվի հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը` եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը և Միքայել Մելքումյանը: Հաշվի առնելով երկրի գործարար և ներդրումային միջավայրի հետագա բարելավման անհրաժեշտությունը, նրանք առաջարկում են կրճատել ձեռնարկությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետները: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան, ըստ անհրաժեշտության, անդրադառնալ օրենքի հոդվածներից մեկի գործնական կիրառման արդյունքի վերլուծությունից հետո: Առաջարկը հիմնավորվել է կառավարության եզրակացությամբ:
Քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում և դրանով իսկ կանխել «միևնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորումը»: Կառավարության եզրակացության համաձայն նախագծով նախատեսված դեպքերը նպատակահարմար է սահմանել կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ ոչ թե օրենքով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
 
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է կառավարության անդամներին. «Հարգելի գործընկերներ, 2013 թվականի մեր աշխատանքների վերաբերյալ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների շնորհիվ հրապարակային հաշվետվություն են տալիս հանրությանը: Ըստ այդ հաշվետվությունների՝ մենք տեսնում ենք, որ կատարվել է մեծածավալ աշխատանք, և բավական ծանր տարի էր 2013 թվականը: 2014 թվականը մենք սկսելու ենք մեր հանրությանը գերակա խնդիրների ներկայացմամբ և ըստ դրանց մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որպեսզի կատարենք բոլոր այն խոստումները, պարտավորությունները, որոնք ստանձնում ենք: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի այն բոլոր ծրագրերը, նպատակները, որ դուք դրել եք ձեր առջև, ի կատար ածվեն, քանի որ այդ ծրագրերը մեկ նպատակ ունեն՝ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մեր քաղաքացիների կյանքը, բարձրացնել կենսամակարդակը: Բոլորիդ շնորհավորում եմ 2014 թվականի կապակցությամբ»: 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Նոյյան տապան  -   Տնտեսություն