ՀՀ, Արմավիրի մարզ, 26 դեկտեմբերի, 2013թ. – Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) միացավ Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան համայնքների բնակիչներին՝ տոնելու երկար սպասված բուժկետերի բացումը: Վերջիններս վերանորոգվել, կահավորվել և վերազինվել են բժշկական պարագաներով, որի արդյունքում բարելավված ու հաճելի միջավայրում առաջնային բուժօգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը:
Նախագիծն իրականացվել է COAF-ի կողմից 2004թ. ի վեր նախաձեռնած և իրականացվող «ՀՀ Գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակներում: Բուժկետերի պայմանների բարելավումն ու արդիականացումը կյանքի է կոչվել Հիմնադրամի երիտասարդ աջակիցներից մեկի՝ Դենիել Հասեթի կողմից Նյու Յորքում նախաձեռնած քայլերթի շնորհիվ, որը հաջողությամբ ավարտելու արդյունքում հնարավոր է դարձել հավաքագրել նախագծի համար պահանջվող դրամական միջոցները:
Վերոնշյալ երկու հաստատությունները սպասարկվում են մեկ ընտանեկան բժիշկի կողմից, ով հանդիսանում է COAF-ի <Գյուղաբնակ բժիշկների մասնագիտացված ցանցի> անդամ և բազմիցս մասնակցել է Հիմնադրամի տեղական կարողությունների հզորացման կարևորագույն մասը կազմող բուժաշխատողների վերապատրաստումներին:
Վանանդի բուժկետի նորարարություններից է առողջապահական կրթության սենյակի առկայությունը, ուր համայնքի մեծերն ու փոքրերը կստանան գիտելիք առողջ ապրելակերպի և սնունդի, առաջին բուժօգնության, նախածննդյան և հետծննդյան խնամքի, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Այստեղ գյուղաբնակները կմասնակցեն նաև քրոնիկ հիվանդությունների կառավարման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղամիջոցների արդյունավետ օգտագործման և այլ թեմաներով անցկացվող դասընթացների ու սեմինարների:
Վերաբացված կառույցները հանդիսանում են COAF-ի կողմից մինչ օրս նորոգված 8-րդ առողջապահական և 18-րդ հանրային նշանակության ենթակառուցվածքներից: Նախորդ տարիներին Հիմնադրամի առողջապահական ծրագրի ջանքերով ու ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել և վերազինվել են նաև Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ և Արտենի համայնքների բուժամբուլատորիաները, Շենիկի և Արգինայի բուժկետերը, ինչպես նաև Մյասնիկյան համայնքում տեղեկայված և տասնհինգ գյուղ սպասարկող տարածաշրջանային առողջության կենտրոնը: