Հինգ տարի շարունակ` ներդրումների նվազում Հայաստանում


Հինգ տարի շարունակ` ներդրումների նվազում Հայաստանում

  • 02-01-2014 15:59:37   | Հայաստան  |  Վերլուծություն
Հինգ տարի շարունակ Հայաստանում նկատվում է ներդրումների նվազում: Ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի, ըստ լավատեսական գնահատականների, կկազմի ՀՆԱ-ի մոտ 21%-ը, իսկ դա ամենացածր ցուցանիշն է 2001 թվականից հետո: Համեմատության համար՝ այդ ցուցանիշը 2002 թ. 21,7% էր, 2005 թ.՝ 30,5%, 2008 թ.՝ մոտ 41%:
 
2008 թվականից հետո ներդրումների ցուցանիշը նույնքան անշեղորեն սկսել է նվազել: Ճգնաժամային 2009 թ. այն իներցիայով դեռևս բարձր էր՝ 33.8%, սակայն ներդրումների նվազումն ավելի շարունակական բնույթ ստացավ; 2011 թ. այդ ցուցանիշն իջավ 27.9%, 2012 թ.` 23.8%: Միջինժամկետ ծախսային ծրագրով (2011-13 թ.թ.) կանխատեսվեց, որ 2013 թ. ներդրումների մակադակը փոքր-ինչ կվերականգնվի, սակայն տեղի ունեցավ հակառակը: Հայաստանը տնտեսական ճգնաժամից դուրս է եկել, սակայն ներդրումային ակտիվությունը չի վերականգնվում:
 
Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ երկրի տնտեսական աճի ու ներդրումների մակարդակի միջև ուղղակի կապ կա՝ տնտեսական աճը բարձր է եղել այն տարիներին, երբ ներդրումներն աճել են, ու ցածր է այն տարիներին, երբ ներդրումները պակասել են: Հետևաբար՝ տնտեսական աճի դանդաղման ներկայիս միտումն ունի ռազմավարական բովանդակություն, այն արտահատում է ոչ թե 1-2 տարիների տնտեսական գործընթաների էությունը, այլև ավելի երկարատև գործոնների ազդեցության հետևանք է: Եթե նույնիսկ հաջողվի ինչ-որ մի տարում տնտեսական աճի ավելի բարձր տեմպ ունենալ, ապա ներդրումների ցածր մակարդակում դա կունենա կարճաժամկետ բնույթ:
 
Այս թեզի հակառակորդները կարող են պնդել, որ զարգացած երկրներից շատերում ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցում նույնիսկ 20%-ը (ԱՄՆ, Գերմանիա): Սակայն զարգացած երկրների հետ համեմատությունը տեղին չէ: Այդ երկրները տասնամյակներ շարունակ աչքի են ընկել ներդրումների մեծ ծավալով, դրանց կուտակային մեծությունը հասել է ահռելի չափերի: Այդ պատճառով զարգացող երկրներում ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է ավելի մեծ լինի, քան զարգացածներում: Ըստ որոշ գնահատականների՝ զարգացած երկրներում ներդրումներ/ՀՆԱ միջին հարաբերակցությունը ներկայում 21% է, իսկ զարգացողներում՝ 29%: Չինաստանում այդ հարաբերակցությունը բարձր է 45%-ից, իսկ Հնդկաստանում մոտ 35% է: Ի դեպ, կան կարծիքներ, որ 2007-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը պայթեց զարգացած երկրներում այն պատճառով, որ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը դրան նախորդող երկու տարիներին իջավ մինչև 17%: Ապացուցված է համարվում, որ եթե զարգացող երկրներում ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը իջնի 15%-ից, ապա այդ երկրներում զարգացումը պարզապես կանգ կառնի:
 
Այսպիսով, ներդրումները հանդիսանում են աճի հիմնական աղբյուր: Այստեղից հետևում է պարզ եզրահանգում՝ երկարատև ու բարձր տեմպով աճ ապահովելու համար անհրաժեշտ է խրախուսել ներդրումները: Հայաստանում ներդրումային բումը մինչև 2008 թ. հիմնականում պայմանավորված էր բնակարանային շինարարությամբ: Օբյեկտիվորեն՝ հիմա բնակարանային շինարարության մինչճգնաժամային ծավալները վերականգնել հնարավոր չէ՝ կապված ողջ աշխարհում անշարժ գույքի շուկայի հանդեպ թերահավատությամբ: Սակայն հնարավոր է զարկ տալ ներդրումները հիմնական միջոցներում: Այս առումով կառավարության քայլերը հետևողական համարել չի կարելի: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ ներդրումները դեռևս հարկվում են: Գոյություն ունի մի փոքր արտոնություն՝ 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի տարկետում: Վաղուց հարկավոր է այս կիսաարտոնության շրջանակներն ընդլայնել, սակայն դա չի արվում այն պատճառով, որ էկոնոմիկայի նախարարությունը չի հասցնի քննարկել հայտերը: Այսինքն՝ բիզնեսը տուժում է բյուրոկրատական ծուլության պատճառով:
 
Ներդրումների ֆինանսավորման խնդիրը առայսօր բաց է: Թեև վարկերի կշիռը ՀՆԱ-ում արդեն գերազանցում է 40%-ը (2010 թ. այն դեռևս 27% էր), սակայն վարկերի աճի հիմնական լոկոմոտիվը սպառողական նշանակության վարկերն են: Պատահական չէ, որ Հայաստանում սպառում/ՀՆԱ հարաբերակցությունը 2012 թ. գերազանցել է 100%-ը, այնինչ ներդրումային բումի շրջանում (2000-ականների կեսերին) այն մոտ 80%-ի շրջանակում էր: Այսինքն՝ Հայաստանում տնտեսական մոդելը կորցրել է աճի ուղղվածությունը, այն վերածվել է սպառողական մոդելի, այստեղից բխող բոլոր հետևանքներով: Սպառողական տնտեսական մոդելներն առավել զգայուն են ճգնաժամերի նկատմամբ, քանի որ ճգնաժամին հակադրվող ռեսուրսը փոքր է: Բացի այդ, մենք հիմնականում ներմուծված ապրանքների սպառող ենք, ուստի պահանջարկի խթանման քաղաքականությունը երբեմն անօգուտ է:
 
Որպեսզի երկիրը սպառող երկրից վերածվի ներդրողի, անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության առանցքի փոփոխում: Ցանկացած ներդրող պետք է զգա կառավարության վերաբերմունքի փոփոխությունը: Հենց դա է այսօր պակասում ներդրումային դաշտին, որևէ մեկը, օրինակի համար, վստահություն չունի, թե հարկային դաշտը վաղն ինչպես կփոփոխվի, վարչարարության ինչպիսի նոր լծակներ կկիրառվեն, մենաշնորհներից ինչպիսի վտանգներ կծագեն: Քանի դեռ ներդրումային մթնոլորտ չի ստեղծվել, Հայաստանը կմնա որպես տրանսֆերտներից կախված սպառողական հասարակություն:
 
Սամվել Ավագյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն