Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում


Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

  • 29-01-2014 15:56:50   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում  է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում  2014թ. ծրագրերն ու անելիքները: 
Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արագածոտնի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: 
Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է  117 միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 35, 5 մլրդ դրամի ներդրում,  որից միայն 14,5 մլրդ դրամը` քաղաքաշինության,  շուրջ 10 մլրդ դրամը` արդյունաբերության, 8 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 1,9 մլրդ դրամը` կրթության բնագավառներում:
Ներկայացվեցին մարզի համայնքների բյուջեների 2013թ.կատարողականի ցուցանիշները: Ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,2%: 2012 թ.  համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 10.8 %-ով  կամ 267,8 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.2 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2.9 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է  95.5 %-ով, գույքահարկինը` 100.6 %-ով:
Քննարկվեցին մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնցով հստակեցվել են համայնքային  բազաները, հնարավորություն են ընձեռում իրատեսական բյուջեներ կազմել եւ ամբողջությամբ դրանք կատարել: Նա անթույլատրելի համարեց թերակատարումները եւ հատկապես  հորդորեց հետեւողական լինել, որպեսզի խոշոր հարկատուները ժամանակին կատարեն համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով մարզի համայնքների նկատմամբ  խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է  68,7 մլն դրամ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվեցին նաեւ  մարզում  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին,  համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:  Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացի վերաբերյալ նշվեց, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 114  համայնքից 39-ում: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել գործընթացը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել համայնքներին` էլեկտրոնային համակարգերի ներդրման հարցում: 
  
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն