Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները


Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները

  • 29-01-2014 17:39:11   | Հայաստան  |  Տնտեսություն

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 10.06. 2013թ. հայտարարված՝  Երևանի  Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:


Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված ութ նախագծային առաջարկները և սահմանել գնահատման  չափորոշիչները,  ապա հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը: 
Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային ութ  առաջարկները գնահատել ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման: 


Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը լիովին չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որևէ նախագծի:  


Աշխատանքները գնահատելիս  առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը   քվեարկությամբ  2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝  Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝   Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն