Անտառպահպանության ոլորտում Հայաստանը կհամագործակցի ԼՂՀ-ի հետ


Անտառպահպանության ոլորտում Հայաստանը կհամագործակցի ԼՂՀ-ի հետ

  • 05-02-2014 16:50:53   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:
Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2013թ. հաշվետվությունները (հաշվետվություններին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ www.mta.gov.am կայքում), ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակազմի բնության հատուկ պահպանվող տարածքներում 2013թ. ընթացքում անտառհատումների եւ անտառվերականգնման վերաբերյալ տեղեկանքը:
Ըստ ներկայացված  հաշվետվությունների` 2013թ. ընթացքում ապօրինի հատված ծառերի  ընդհանուր  քանակը կազմել է  2031` 2012թ. տարվա 1860-ի դիմաց:  2013թ. անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր առմամբ շուրջ  542 հեկտար տարածքի վրա, որից 448.3 հեկտարը`«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  անտառտնտեսություններում,  94 հեկտարը` բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Հատուկ քննարկվեց անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: Նշվեց, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2013թ. զգալի նվազել է անտառային հրդեհների թիվը. 20 դեպք` 2012թ. 59 դեպքի դիմաց:  Այդուհանդերձ` կարեւորվեց անտառային հրդեհների դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից  առաջարկ հնչեց մի շարք գերատեսչությունների` Բնապահպանության, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, մարզպետարանների  կողմից  համակարգված գործողությունների իրականացման վերաբերյալ:  Փոխվարչապետը նույնպես կարեւորեց այդ ուղղությամբ համատեղ ու համակարգված աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին:
Անտառպահպանության ոլորտում կարեւորվեց նաեւ ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցությունը: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետն  առաջարկեց ԼՂՀ գործընկերների հետ քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն