Հայ-չինական քաղաքական հարաբերություններում որեւէ անհամաձայնություն կամ տարաձայնություն գոյություն չունի.Արմեն Սարգսյան
06-02-2014 12:44:45 | Հայաստան | Հարցազրույցներ
Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այս համատեքստում պատահական չի համարում, որ Ասիայի տարածաշրջանում իր առաջին դեսպանությունը Հայաստանը հիմնել է հենց Պեկինում: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին, տնտեսական եւ կրթական ոլորտներում համագործակցությանը:
-Ի՞նչ կասեք հայ-չինական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակի մասին:
-Պետք է նշեմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրները բարեկամության և փոխադարձ վստահության հիման վրա հսկայական ծավալի աշխատանք են կատարել՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում մեր հարաբերությունները համապարփակ կերպով խորացնելու ուղղությամբ: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չինաստանը մշտապես ունեցել է հավասարակշռված դիրքորոշում. Չինաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է ԼՂ հիմնախնդրի միայն խաղաղ կարգավորմանը: Հայաստանն էլ իր հերթին ճանաչում է մեկ Չինաստանի քաղաքական սկզբունքը և սատարում նրա ներքին և արտաքին քաղաքական կուրսին, ինչը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընկալվում Չինաստանի կառավարության կողմից:
Մեր երկրներն ունեն համընկնող կամ միանման մոտեցումներ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մենք ակտիվ գործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այս ամենը հիմք է տալիս փաստելու, որ այսօր հայ-չինական քաղաքական հարաբերություններում որևէ անհամաձայնություն կամ տարաձայնություն գոյություն չունի: Այդ մասին բազմիցս հստակ հայտարարվել է ամենաբարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակ:
-Ի՞նչ բարձրաստիճան հայ պաշտոնյաներ են այցելել Չինաստան վերջին 5 տարիներիընթացքում և ի՞նչ չինական պատվիրկություններ է ընդունել պաշտոնական Երևանը:
-Վերջին 5 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազնաթիվ պաշտոնական և աշխատանքային փոխայցելություններ: Մասնավորապես, Չինաստան են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդ որում երկու անգամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, երկու աշխատանքային այց է ունեցել ՀՀ վարչապետը: Պեկին են ժամանել նաև ՀՀ փոխվարչապետը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, կրթության և գիտության նախարարները, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ԱԱԽ քարտուղարը, Երևանի քաղաքապետը, վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Առանձնահատուկ պետք է նշեմ, որ 2013 թվականի նոյեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Պեկին, Շանհայ, Գուանջոու և Հոնկոնգ քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պեկինում Վեհափառ Հայրապետն օրհնեց դեսպանության տարածքում վերջերս տեղադրված Չինաստանում առաջին հայկական խաչքարը: Չինական կողմից ևս բազմաթիվ այցեր են իրականացվել Հայաստան: Կարելի է առանձնացնել Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի, ՉԺՀ արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիի պաշտոնական այցերը: Հատկանշական է, որ 2011թ. Լի Չանչունին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված էին շուրջ 60 անդամներ, այդ թվում` ՉԺՀ կոմերցիայի և մշակույթի նախարարները, փոխնախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության և հայաստանյան մի շարք քաղաքական կուսակցությունների միջև ևս հաստատվել են սերտ կապեր և պարբերաբար տեղի են ունենում փոխայցելություններ:
-Պարոն դեսպան, երկու երկրների հարաբերությունները բնութագրելու առումով չափազանցկարևոր նշանակություն ունի համագործակցության տնտեսական բաղադրիչը, ի՞նչ կարող եքասել այս առնչությամբ:
-Առևտրատնտեսական կապերը մեր երկրների միջև դինամիկ կերպով զարգանում են: Չինաստանը Հայաստանի առևտրային կարևորագույն գործընկերներից է: Գործում է միջկառավարական առևտրատնտեսական համատեղ հանձնաժողով և երկու տարին մեկ անգամ փոխադարձաբար Երևանում և Պեկինում անցկացվում են հանձնաժողովի նիստեր: Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այսպես, եթե 2008-ին Հայաստանից արտահանումը կազմում էր ընդամենը 1,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 169,4 մլն, ապա 2013-ի արդյունքներով, ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների, արտահանումը կազմել է 68,8 մլն, իսկ ներմուծումը՝ 187,3 մլն ԱՄՆ դոլար:
Հայ-չինական համագործակցության արդյունավետության վառ օրինակ կարելի է համարել Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկությունը, որի հանդիսավոր բացումը տեղի ունացավ 2010թ. Չինաստանի Շանսի նահանգում՝ ՀՀ Նախագահի մասնակցությամբ: 2012թ. Երևանում բացվել էր մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության ՙՙԱնուշակ՚՚ հայ-չինական համատեղ ձեռնարկությունը, որի մասնաճյուղի բացումը վերջերս տեղի ունեցավ Չինաստանի Շանդուն նահանգում: Մեծ բավականությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Չինաստան: Ծրագրվում է ևս մի քանի համատեղ ձեռնարկությունների ստեղծում Հայաստանում, այդ թվում բազալտե մանրաթելերի և ինուլինի արտադրության: Չինացի գործարար շրջանակների հետ մշտապես տարվում են աշխատանքներ Հայաստանում տարբեր ներդրումային նախագծերին նրանց ներգրավելու ուղղությամբ:
Երկկողմ տնտեսական համագործակցությունն ու առևտուրը խթանելու առումով կարևոր իրադարձություն եմ համարում նաև 2011թ. Երևանում անցկացված հայ-չինական գործարար համաժողովը, որը մասնակիցների թվաքանակով և մակարդակով այս բնագավառում ամենաներկայացուցչականն էր:
Միաժամանակ հարկ է նշել, որ ի տարբերություն քաղաքական հարաբերությունների, մեր տնտեսական կապերի խորացման համար դեռևս լիովին չի օգտագործվում առկա ներուժը: Այս առումով նոր հնարավորություններ կարող է ընձեռել 2013թ. սեպտեմբերին հայկական տաղավարի հիմնումը չինական Թայջոու քաղաքում մշտապես գործող միջազգային տոնավաճառում, որը ապահովում է օտարերկրյա ապրանքատեսակների մուտքը չինական շուկա: Այնտեղ ցուցադրման են ներկայացված մեր կոնյակը, գինին, ինչպես նաև հյութեր և պահածոներ: Այսօր հայաստանյան արտադրողները պարբերաբար մասնակցում են ՉԺՀ տարբեր քաղաքներում անցկացվող տարաբնույթ տոնավաճառների և ցուցահանդեսների:
Իհարկե, երկկողմ առևտրի ծավալների դանդաղ աճը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով, այդ թվում մեր երկրների միջև մեծ հեռավորությամբ և փոխադրումների թանկությամբ: Այս ուղղությամբ ևս ներկայումս բանակցություններ են ընթանում չինական ավիաընկերությունների հետ՝ Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ կազմակերպելու հարցի շուրջ:
-Պարոն Սարգսյան, կխնդրեի անդրադառնալ նաև համագործակցությանը կրթական ևմշակութային ոլորտներում:
-Հարաբերությունների զարգացման առումով անմասն չեն մնում նաև գիտակրթական և մշակութային ոլորտները: Նշեմ, որ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում մեր երիտասարդները ուսանում են ՉԺՀ առաջատար բուհերում, իսկ Հայաստանում ունենք ուսանողներ Չինաստանից: Երևանում մեծ հաջողությամբ գործում է Կոնֆուցիուսի կենտրոնը: Մոտ ապագայում կունենանք մի շատ կարևոր կապող օղակ ևս. Երևանում Չինաստանի կառավարության օժանդակությամբ կկառուցվի չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոց:
Ամեն տարի, հաջորդաբար Հայաստանում և Չինաստանում, անց են կացվում մեր երկրների մշակութային օրեր: Կազմակերպվում են տարաբնույթ ստեղծագործական համույթների ելույթներ, կերպարվեստի նմուշների ցուցահանդեսներ: Օրինակ, հաջորդ ամսվա ընթացքում Երևանում համերգներով հանդես կգա Չինաստանի հաշմանդամների համույթը, որն իր տեսակի մեջ եզակի է:
-Ի՞նչ կասեք Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությանմասին:
-Ամեն տարի Չինաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրում է մեծածավալ ֆինանսական օժանդակություն: Այդ օգնության շնորհիվ է, որ Երևանում հայտնվեցին չինական արտադրության քաղաքային ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները: Անցյալ տարեվերջին Հայաստան բերվեց սահմանային անցակետերում բեռների ստուգման համար նախատեսված արդիական շարժական զննիչ սարքը: Ի դեպ, Հայաստանի զինված ուժերը նույնպես որոշակի օժանդակություն են ստանում Չինսատանի ազգային պաշտպանության նախարարության կողմից:
-Ասացեք, խնդրեմ, քանի՞ հայ կա այսօր Չինաստանում և ինչո՞վ են նրանք զբաղվում:
-Ներկայումս Չինաստանի մեծ քաղաքներում՝ Պեկինում, Շանհայում, Գուանջոույում, Հոնկոնգում ուսանում կամ աշխատում են ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 500 հայեր: Ասեմ, որ 2013թ. Հոնկոնգում բացվեց տարածաշրջանի առաջին հայկական կենտրոնը, որը նպատակ ունի համախմբելու ոչ միայն Չինաստանում, այլև տարածաշրջանի մյուս երկրներում բնակվող հայերին: Կենտրոնի բացմանը մասնակցեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
-Քանի՞ հոգուց է բաղկացած ՉԺՀ ում ՀՀ դեպսանությունը և քանի՞ երկիր է այսօր սպասարկումՊեկինում մեր ներկայացուցչությունը:
-Զուտ դիվանագիտական անձնակազմը փոքրաթիվ է. բացի դեսպանից այստեղ աշխատում է ընդամենը երեք դիվանագետ: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ բացի Չինաստանից, համատեղության կարգով դեսպանությունը մինչև վերջերս սպասարկում էր Սինգապուրի Հանրապետությանը, Կորեայի Հանրապետությանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությանը: Անցյալ տարվա օգոստոսին Վիետնամում բացվեց ՀՀ դեսպանություն, իսկ այս տարվա հունվարին Կորեայի սպասարկումը հանձնվեց Ճապոնիայում մեր դեսպանությանը: Միաժամանակ մեր դեսպանությունն այս տարի ստանձնում է մի նոր երկրի՝ Մոնղոլիայի սպասարկումը, որտեղ մինչ այդ Հայաստանը հավատարմագրված դեսպան չի ունեցել: Այս երկրների հետ հարաբերությունների առնչությամբ ասեմ, որ 2012թ. մարտին իրականացվել է ՀՀ Նախագահի պետական այցը Սինգապուր, նույն թվականի հունիսին կազմակերպվել է նրա պաշտոնական այցը Վիետնամ: Իսկ նույն տարում ՀՀ Նախագահն այցելել է Կորեայի Հանրապետություն, ուր աշխարհի ավելի քան 60 երկրների ղեկավարների հետ միասին մասնակցել է միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նշված երկրներ վերջին տարիների ընթացքում պաշտոնական այցեր է իրականացրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարը: Վերջում կցանկանայի ավելացնել, որ չնայած մշտական ծանրաբեռնվածությանը, դեսպանության բոլոր դիվանագետները հաճույքով ու նվիրվածությամբ են կատարում իրենց վրա դրված բարդ և միաժամանակ հետաքրքիր պարտականությունները: