Սթիվեն Փաունդ. Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբվի, որպեսզի ընդունի սարսափելի ոճրագործությունը, որը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում
20-02-2014 17:42:12 | Հայաստան | Քաղաքական
Այսօր Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ՝ Միացյալ Թագավորության (ՄԹ) խորհրդարանի Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Մայք Գեյփսը այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բրիտանացի հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Միջխորհրդարանական միության Բրիտանական խմբի ղեկավարի և անդամների հետ հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որը հանգամանալի տեղեկություններ է հաղորդել Հայոց մեծ եղեռնի մասին, ծանոթացրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերին ու փաստաթղթերին։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում պատվիրակության ղեկավար, ՄԹ-ի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը նշել է, որ ամեն անգամ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անչափ հուզվում է: «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարիլիցը, և մենք մտադիր ենք նշելու այն Մեծ Բրիտանիայում։ Շատ կարևոր է, որ այն, ինչը պատահել է, երբեք չմոռացվի։ Այդ պատճառով էլ մենք այստեղ ենք», - ասել է նա:
«Մոտենում ենք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, շատերը հույս ունեին, թե մոռացության է տրվել այդ փաստը, մենք եկել ենք ապացուցելու, որ աշխարհը չի մոռացել։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբվի, որպեսզի ընդունի սարսափելի ոճրագործությունը, որը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում։ Ես հոգով, սրտով հայերի հետ եմ, թեև իմ երակներով հայի արյուն չի հոսում», - իր հերթին, ասել է Սթիվեն Փաունդը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ Փաունդը նշել է, որ փետրվարի սկզբին Համայնքների պալատում Ղարաբաղի հարցի շուրջ հանդես է եկել զեկույցով։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքները դանդաղ են ընթանում, և Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ ավելին պետք է անի այս հարցում։ Նա ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին ու կրկին պետք է բարձրացվի Անգլիայի խորհրդարանում։