Շախմատային տոն՝ աշակերտների և լավագույն գրոսմայստերների հետ


Շախմատային տոն՝ աշակերտների և լավագույն գրոսմայստերների հետ

  • 26-02-2014 12:13:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 22-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևանի և ՀՀ տասը մարզերի դպրոցներից ընտրված լավագույն 15 շախմատիստների և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ համաժամանակյա երկար սպասված խաղը:
Մինչ խաղը սկսելը, աշակերտները պատասխանեցին շախմատի վերաբերյալ հարցերի, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ք. Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Սարգսյանը:
 
Զավեն Անդրիասյանի հետ համաժամանակյա խաղի ընթացքում ծավալվեց բավականին լարված և հետաքրքիր մրցապայքար, որի արդյունքում 2 աշակերտ` Արտյոմ Մանուկյանը (ք. Ագարակի մ/դ, 10-րդ դասարան) և Սարգիս Նիազյանը (ՎՊՄԻ հենակ. ա/դ, 12-գ դասարան) գրանցեցին ոչ-ոքի: Անկախ արդյունքներից` աշակերտներն ուրախ էին Զավեն Անդրիասյանի հետ խաղատախտակի վրա շախմատային ուժերը չափելու հնարավորության համար:
 
Միջոցառմանը մասնակցող բոլոր աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: Միջոցառման պատվավոր հյուրը՝ հայ շախմատի գրոսմայստեր, Լևոն Արոնյանի մարզիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Վահանյանը, ողջունեց նման նախաձեռնությունը և շնորհավորեց աշակերտներին գեղեցիկ շախմատային տոնի կապակցությամբ:
 
«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն իր հերթին խոստացավ, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, և մեր աշակերտներից լավագույնները հնարավորություն կունենան իրենց շախմատային գիտելիքները չափել մեր լավագույն գրոսմայստերների հետ` միաժամանակ հարուստ փորձ ձեռք բերելով վարպետների հետ ունեցած խաղից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play