Կուբացիներն վերջին հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն կունենան հանգստանալ արտասահմանում, հաղորդում է France Presse գործակալությունը:
Այս նորամուծությունը մտնում է այն 313 ռեֆորմների փաթեթի մեջ, որն 2011թ-ի ապրիլին հաստատել է Կուբայի Կոմունիստական կուսակցությունը: Կուբայի կառավարությունը այս փոփոխությունների մասին մանրամասները դեռ չի հրապարակել: «Տուրիստական բարեփոխումները» ներկայացված են մայիսի 9-ին կուբացիներին բաժանված բուկլետներում:
Այնտեղ իշխանությունները խոստանում են «այնպիսի միջոցներ ձեռնարկել, որը թույլ կտա Կուբայի ժողովրդին որպես զբոսաշրջիկ գնալ աեւտասահման»:
Ըստ AFP-ի կուբացիները զբոսաշրության նպատակով կարող են դուրս գալ երկրից միայն ելքի վիզայով:Թույլտվությունն արժե 150 դոլար, իսկ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումն էլ երբեմն մինչեւ 400 դոլար:
Ինչպես նշում է գործակալությունը, վիզան միշտ չէ որ տրվում է. այն սովորաբար ստանում են հայտնի մարդիկ:
Երկրում լիբերալիստական այս բարեփոխումներն իրականացվում են իշխող կոմունիստական կուսակցության փոփոխությունների ֆոնի վրա, որը դե-յուրե եւ դե ֆակտո ղեկավարում է Ռաուլ Կաստրոն: Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով ղեկավարում էր կուբայական կոմունիստներին 1965 թ-ից, պաշտոնապես հրաժարվեց առաջին քարտուղարի պաշտոնից Կոմունիստական կուսակցության ապրիլյան համագումարում:
Հիշեցնենք, որ հենց այդ նույն համագումարում պատվիրակները կողմ քվեարկեցին անշարժ գույքի առք ու վաճառքի արգելքի վերացմանը: Կուբացիները զրկված էին մասնավոր սեփականության իրավունքից 1959 թ- հեղափոխությունից հետո: