Տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը
05-03-2014 18:21:51 | | Մամլո հաղորդագրություն
2014 թվականի մարտի 5-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը:
«Մենք շատ ուրախ ենք, որ պատիվ ենք ունեցել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային այս դրամաշնորհը տրամադրել և հույս ունենք, որ այն մեծ ազդեցություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարի գործում», -ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարրոն:
«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում շատ կարևոր փուլում է և այսօր կարիք կա համախմբել ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջանքերը, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն պայքարել, այլ նաև հաղթահարել այս երևույթը», -ասաց ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:
Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների երկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
Ծրագրի հանրային կապերի համակարգող Նարինե Կարապետյանին, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL http://www.ayla.am: