Լրագող եւ ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը դադարեցրել է հացադուլը
06-03-2014 12:53:35 | Հայաստան | Հասարակություն
Հայ գրատպության անդրանիկ, Մադրասի «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր, արցախյան պատերազմի ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը, ով մի քանի ամիս է ինչ կալանավորված է, օրերս դադարեց իր հերթական հացադուլը, որը տևեց 42 օր:
Հացադուլի նպատակն էր արագացնել քրեական գործի հետաքննությունը /այն ընդհանրապես դադարել էր/, որի մեջ իրեն մեղադրանք է առաջադրված, իսկ խափանման միջոցը ընտրված է կալանքը: Իր կալանավորման օրվանից /հոկտեմբերի վերջ / սա արդեն երրորդ հացադուլն է, եւ ընդհանուր առմամբ Մ. Սարգսյանը հացադուլների մեջ է եղել ավելի քան 100 օր:
Այժմ նա «Նուբարաշեն» ՔԿՆ բուժ. մասում վերականգնողական բուժօգնություն է ստանում.
Հիշեցնենք, որ Մ. Սարգսյանը դեռ 2013թ.-ի ամռանը ներքաշվել էր համակարգչային մի խարդախության մեջ և ձերբակալվել էր:
«Նոր մարդ եմ դառնում, մանկան նման ուտել, քայլել ու շարժվել եմ սովորում, բայց կդիմանամ, Մարտակերտում ավելի դժվար էր»,- հեռախոսով ասաց Մ. Սարգսյանը իրեն տեսակցության եկած «Ազդարար» ամսագրի ընդհանուր խմբագիր Գրետա Անդրեասյանին:
Նա նշում է, որ ոչինչ չունի իր կարգավիճակի դեմ, եւ եթե դատարանը որոշի, որ ինքը մեղավոր է, ապա պատրաստ է կրել արժանի պատիժը, և հետագայում վերականգնելով իր բարի անունը, շարունակել հանրաճանաչ «Ազդարար» համահայկական պարբերականի գործունեությունը: Նա շարունակում է իրեն համարել հայրենիքի նվիրյալ ազատամարտիկ ու լի է ստեղծագործական երազանքներով: Պարզապես հետաքննությունը ձգձգվում է, իսկ ազատության բաղձալի օրը ուշանում: Այդ է պատճառը, որ նա դիմում է ծայրահեղ քայլերի` պարբերական հացադուլների, ծայրաստիճան քայքայման հասցնելով առանց այն էլ արցախյան ազատամարտում հաշմանդամ դարձած իր օրգանիզմը:
Մ. Սարգսյանը, ապրելով կալանավորի կյանքով և մոտիկից ծանոթանալով այդ փակ դռների ետևում ապրող ազատազրկված շատ մարդկանց իրական պատմություններին, հաստատ որոշել է` ողջ կյանքում պայքարել զուր և սխալ դատապարտված կալանավորների ազատութան և իրավունքների համար: Նա որոշել է նաեւ ազատության առաջին օրերին այցելել իր պատճառով տուժածներին և հայցել նրանց ներողամտությունը:
Տեսակցության վերջում նա խնդրեց բոլոր սիրելի ու հավատարիմ ընթերցողներին աղոթել իր և ազատություն երազող մյուս բոլոր կալանավորների համար: