Ներդրումային ծրագիր կիրականացվի Արագածոտնի մարզում


Ներդրումային ծրագիր կիրականացվի Արագածոտնի մարզում

  • 06-03-2014 15:24:49   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն
  •  
  •  ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է:Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:

Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:
Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը` օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:


Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները
Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները
Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:
Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո` ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Նոյյան տապան  -   Տնտեսություն