Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում


Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

  • 11-09-2010 20:30:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ են այցելել ուկրաինացի լրագրողները, ովքեր Հայաստանում են գտնվում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութեր պատրաստելու նպատակով: Լրագրողները ներկայացնում էին Ուկրաինայի առաջին ալիքը, «Комсомольская правда», «Сегодня» թերթերը, «Зеркало недели», «Profil» ամսագրերը: Հյուրերին ընդունեց Ազային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նա ամփոփ կերպով ներկայացրեց ԼՂՀ ստեղծման եւ կայացման պատմությունը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը եւ այդ գործընթացում ինստիտուտի դերակատարումը: Լրագրողներին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչպես է Հայաստանին հաջողվել հավասարակշռել իր անվտանգային հարաբերությունները երկկողմ ձեւաչափում՝ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Որպես հատկանշական օրինակ բերվեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակումը: Հ. Քոթանջյանը նշեց, որ միջգերատեսչական մշակման արդյունքում ստեղծված փաստաթուղթը փորձաքննության է ենթարկվել ՌԴ, ԱՄՆ, Եվրոպայի եւ ՀՀ մասնագիտական կենտրոններում: Համադրելով արեւմտյան եւ արեւելյան մեթոդաբանական մոտեցումները՝ հաջողվեց ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն արտացոլում է Հայաստանի անվտանգային շահերը: Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման անհրաժեշտության, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ԼՂ հակամարտության կարգավորման, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ լրագրողների հարցերին, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանը նշեց, որ հարեւան երկրի բարձր ատյաններից հաճախակի հնչող ռազմական սպառնալիքները չեն բխում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման շահերից: Ընդգծվեց, որ Հայաստանը հետեւում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին ու անում է համապատասխան քայլեր: Հ. Քոթանջյանը հավաստիացրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը մշտապես գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում եւ ի զորու են համարժեք պատասխան տալ ցանկացած ագրեսիայի, դիվերսիոն քայլի: Անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման եւ դրա ժամկետի երկարաձգման հարցին՝ Դոկտոր Քոթանջյանը ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից, եւ ռազմակայանի տեղակայումը Հայաստանում պետք է դիտարկել հայ-ռուսական երկարամյա համագործակցության համատեքստում: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն