Իգոր Մուրադյան. Պուտինի «երկրորդ հեղափոխությունը» չստացվեց


Իգոր Մուրադյան. Պուտինի «երկրորդ հեղափոխությունը» չստացվեց

  • 08-03-2014 08:56:30   | Ուկրաինա  |  Վերլուծություն

 
Ուկրաինայում ինչ որ բան է կատարվել, որը երեւում է միանգամից չի նկատվել: Նախ, Ուկրաինայի պետության ու կառավարության ղեկավարությունն Արեւմուտքի կողմից ճանաչվեց լեգիտիմ, ընդ որում, Արեւմուտքի երկու առաջատար կենտրոններ՝ Վաշինգտոնը եւ Բեռլինը պայմանավորվել եւ լիովին համաձայնեցրել են դիրքորոշումներն Ուկրաինայի եւ Ռուսաստանի հանդեպ: Ամերիկացիներին ու գերմանացիներին հաջողվեց խուսափել հակասություններից ու տարաձայնություններից, այդ թվում ՆԱՏՕ-ի քաղաքականության մասով: Այս իրադարձությունը մի տեսակ աննկատ մնաց, սակայն ունի հեռու գնացող հետեւանքներ, քանի որ մինչ այժմ Գերմանիան մնում էր Ռուսաստանի «փաստաբանն» Արեւմուտքում:
Երկրորդ, Պուտինը հայտնվել է միջազգային չտեսնված շրջափակման մեջ եւ լիովին իրական ռազմական ու տնտեսական սպառնալիքների առջեւ, ունենալով միայն Իսրայելի աջակցությունը:
Երրորդ, չստացվեց «Ուկրաինայում երկրորդ հեղափոխությունը», այսինքն «ռուսական հեղափոխությունը» երկրի հարավ-արեւելյան մարզերում, եւ երեւում է չէր կարող ստացվել, քանի որ մարզկենտրոններում ռուս բնակչության կենտրոնացումը, շրջապատված ուկրաինական հոծ բնակչությամբ, չի կարող չազդել աշխարհքաղաքական լոկալ մտածողության վրա, այսինքն՝ տվյալ մարզերի անջատումն Ուկրաինայից անհնար է ռուս փոքրամասնության կողմից ճնշման ճանապարհով:
Այսպիսով, ձեւավորվել են «ուկրաինական երրորդ հեղափոխության» առավել պատկերացնելի բարենպաստ պայմանները, այսինքն՝ ուկրաինացիների հեղափոխությունը հարավ-արեւելյան մարզերում, որոնք մինչ այժմ չեն դրսեւորել իրենց, քանի որ «անհարմար էր ռուս բարեկամների, հարեւանների ու ազգականների առաջ» (ինչպես ասել է իմ դասընկեր օդեսացի Ռոմա Ստացենկոն):
Խարկովի ու Դոնեցկի հրապարակներում հավաքվել է 5000 ռուս, որոնց ինքնասիրությունը շոշափել էր Մայդանը եւ Կիեւի միտինգային գործիչների հայտարարությունները: Սակայն Ուկրաինայի այս երկու խոշոր քաղաքների բնակչությունը կազմում է ավելի քան 1,5 միլիոն: Եւ նրանք բոլորը ցանկանում են դառնալ ռուսական վոտչինա՞: Մոսկվայի քարոզած հանրաքվեն կհանգեցնի ընդամենը 30 տոկոս ձայնի հօգուտ Ռուսաստանի, այդ ձայների աշխարհագրությունն էլ բավական կասկածելի կլինի: Հարկ կլինի ուկրաինական տարածքներում ստեղծել ռուսական անկլավներ:
Այս մարզերի ռուս բնակչությունը բոլորից ավելի լավ է հասկանում, թե ինչ աշխարհքաղաքական պայմաններում է ապրում, եւ բավական կասկածով է վերաբերվում սեփական ճակատագրի կտրուկ շրջադարձերին: Ենթադրենք Ուկրաինայում վատ է, իսկ Ռուսաստանում նրանց համար ավելի լա՞վ կլիներ: Մոսկովյան քարոզիչները նրանց փոխարեն չեն կանգնի մետաղաձուլական վառարանների առաջ ու չեն իջնի ածխահորերը:
Փոխարենը, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի թշնամական մթնոլորտում նրանք կհայտնվեն, առավել եւս որ մինչ այժմ ոչ ոք նրանց չի բացատրել, թե ինչպիսին են լինելու ապագա սահմանները, դրանց կոնֆիգուրացիան եւ տրամաբանությունը: Բանն այն է, որ ոչ ոք չունի այս հարցերի պատասխանները: Առավել եւս դժվար է ենթադրել, թե ինչ կլինեն Ռուսաստանի կազմում Խարկովը եւ Դոնբասը՝ որպես Ուկրաինայի մշակութային, գիտական ու արդյունաբերական կենտրոննե՞ր, թե ռուսական բանալ գավառների տարատեսակներ:
Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն է լինելու «երրորդ հեղափոխությունն» Ուկրաինայում: Ըստ ամենայնի, այն լինելու է ավելի կրեատիվ ու համոզիչ, հնարավոր է նաեւ՝ շատ անաղմուկ: Կարիք չկա աղմկել, երբ Կիեւում բոլորը յուրային են:
 
lragir.am
Նոյյան տապան  -   Վերլուծություն