Հաստատվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը


Հաստատվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը

  • 19-03-2014 17:30:06   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  ականավոր  հետախույզ,  Սովետական  Միության  հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ  անդամ,  անվանի  բանաստեղծ,  դրամատուրգ, հրապարակախոս,  թարգմանիչ,  բազմաթիվ  մրցանակների  դափնեկիր  Միքայել Հարությունյանի և պետական,  քաղաքական  գործիչ,  գեներալ-լեյտենանտ Հայկազ  Շահինյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013  թվականի  բյուջեի  կատարման հաշվետվությունը, համաձայն որի Երևան  քաղաքի  2013  թվականի  բյուջեի  ընդամենը  փաստացի  եկամուտները  կազմել են  63,667,925.2  հազ.  դրամ՝  ծրագրված (ճշտված)  64,925,341.5  հազ.  դրամի  նկատմամբ։ Բյուջեի  փաստացի  հավաքագրված  ընդհանուր եկամուտները, զեկուցողի խոսքով,   2012 թվականի  փաստացի  ցուցանիշից  ավել  են  6,420,228.9 հազ.  դրամով  կամ 11.2%-ով։  2013  թվականի  ճշտված  բյուջեով  սեփական  եկամուտները  ծրագրվել  են 17,755,950.9 հազ. դրամ, որի  փաստացի կատարողականը կազմել  է  17,003,946.6 հազ. դրամ, ինչն  էլ  2012  թվականի  համապատասխան  ցուցանիշից  ավել  է    919,487.1  հազ. դրամով կամ 5.7%-ով։ Նշվել է, որ Երևան  քաղաքի  2013  թվականի  բյուջեի  միջոցների  հաշվին  իրականացվել  են  62,161,662.3  հազ.  դրամի  ծախսեր`  կազմելով  ճշտված  ծրագրի  95.0%-ը։  Ընդ  որում,  2013 թվականի  ծախսերի  ծավալը  ավել  է  2012  թվականի   փաստացի  կատարողականից 3,075,959.8  հազ.  դրամով,  իսկ  թերկատարումը  հիմնականում  պայմանավորված  է  գնումների գործընթացում  առաջացած  խնայողություններով,  ինչպես  նաև  պետության  կողմից համայնքի  ղեկավարին  պատվիրակված  լիազորություների  իրականացման  հետ  կապված որոշ ծրագրերի  հետաձգմամբ։ Քննարկումից և հարցուպատասխանից հետո ավագանին ձայների 36 կողմ, 4 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան  քաղաքի  2013  թվականի  բյուջեի  կատարման հաշվետվությունը: 
Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ,  ՀՀ  պետական  մրցանակի  դափնեկիր,  Սանկտ  Պետերբուրգի  գիտությունների  և արվեստների  ակադեմիայի  թղթակից  անդամ,  ՀՀ  ԳԱԱ  արվեստի  ինստիտուտի  տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին, ինչպես նաև Երևանի  քաղաքային  խորհրդի գործադիր  կոմիտեի  նախկին նախագահ, 
«Սուրբ  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշանակիր,  «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական  կազմակերպության  նախագահ,  Փարիզ,  Գյումրի  և  Երևան քաղաքների  պատվավոր  քաղաքացի  Մուրադ  Հովհաննեսի  Մուրադյանին  և  նրա  կնոջը՝ Նինել Արամի Ասատրյանին անհատույց  սեփականության  իրավունքով  բնակարան տրամադրելու մասին որոշումներին: Ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաև մի շարք այլ քաղաքացիների:   
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստում ընդգրկված մյուս հարցերը նույնպես, հիմնականում միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են ավագանու հավանությանը: Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: 
Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն