«ՂՐԻՄԻ ԿՂԶԻՆ», ԲԱՅՑ ՀԱԿԱՌԱԿԸ


«ՂՐԻՄԻ ԿՂԶԻՆ», ԲԱՅՑ ՀԱԿԱՌԱԿԸ

  • 28-03-2014 08:37:59   | Հայաստան  |  Վերլուծություն
Ղրիմի հարցն, իհարկե, աշխույժ և բուռն բանավեճեր է առաջացրել հայկական հանրությունում, և այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ Հայաստանի համար հենց «ինքնորոշում» արժեքային-քաղաքական հասկացությունն է թելադրում մեր պատմության զարգացման տրամաբանությունը վերջին քառորդ դարում։ Ընդ որում՝ խոսքն, ըստ էության, ազգային ինքնապահպանման բնազդի դրսևորման մասին է, քանզի ակնհայտ է. եթե այդ բնազդը չգործեր, առնվազն Արցախի հայերը կստանային այն հայերի կարգավիճակին նման մի կարգավիճակ, որոնց կոչում են վանեցի կամ կարսեցի։ Եվ մի՞թե ինքնապահպանման հենց այդ բնազդը չէր՝ պատմական, էթնիկական և քաղաքական գործոնների կողքին, որ, առաջին հերթին, պայմանավորեց ղրիմցիների կամարտահայտումը։
 
Հեռուն գնալ պետք չէ, բավական է անդրադառնալ այդ նույն «Ազատություն» ("Свобода") կուսակցության (որը գլխավորում է Օլեգ Տյագնիբոկը) ծրագրային դրույթներին, որոնցով պահանջվում է անձնագրում մտցնել «ազգությունը» տողը՝ ճիշտ իմանալու համար, թե ով ով է՝ «մոսկա՞լ» է, թե՞ տվյալ դեպքում նրան հավասարեցված «ջհուդ» կամ «արմյաշկա»։
 
«Այդ նույն ծրագրով անհրաժեշտ է համարվում նաև սահմանադրությունում դրույթ ամրագրել այն մասին, որ ներկայիս պետությունը 1941թ. հունիսի 30-ին հռչակված Ուկրաինայի իրավահաջորդն է, որի համաձայն՝ «Відновлена Українська Держава буде тісно співдіяти з Націонал-Соціалістичною Велико-Німеччиною, що під проводом Адольфа Гітлера творить новий лад в Европі...»,- ասում է անկախ փորձագետ Գ.Տերտերովը։- Կարծում եմ՝ թարգմանությունը «ԳԱ» ընթերցողների համար ավելորդ է, բայցևայնպես նշեմ, որ ըստ այդ սահմանադրության՝ ներկայիս Ուկրաինան սերտորեն համագործակցելու է Ադոլֆ Հիտլերի հետ «նոր աշխարհակարգ» հաստատելու գործում։ Ծրագրում կա նաև դրույթ միջուկային տերության կարգավիճակ («տակտիկական հրթիռամիջուկային զինանոց» ունեցող) ձեռք բերելու մասին։ Մեկնաբանություններն ավելորդ են, այնպես չէ՞։ Հետաքրքիր է, որ նախագահի նախկին թեկնածու, իսկ այժմ՝ հասարակ ամերիկացի սենատոր Ջ.Մակքեյնը հրապարակավ շնորհավորել է Տյագնիբոկին «դեմոկրատիզատորական» մեծ հաջողության համար և հանդիսավոր պահին համապատասխանող բոցաշունչ ճառ է արտասանել մայդանում»։
 
Մինչդեռ, Տյագնիբոկը համարյա թե հրեշտակ է երևում Ուկրաինայի նախագահի ներկայիս թեկնածու, ուլտրաարմատական «Տրիզուբ» կազմակերպության (իրեն համարում է այն ուժերի իրավահաջորդը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել են էսէսականների անմիջական ղեկավարության ներքո, «Գալիչինա» և «Նախտիգալ» զորամիավորումների կազմում) պարագլուխ Դմիտրի Յարոշի համեմատ։
 
«Նրանք առանձնակի դաժանությամբ էթնիկական զտումներ, վայրագություններ էին իրականացնում,- շարունակում է Գ.Տերտերովը։- Օրինակ, արդեն 1941թ. հունիսի 30-ին նրանք մտան Լվով, հասցեների գրքում որոնում-գտնում էին իրենց զոհերին և քարշ տալիս մահապատժի։ Նրանց մեջ էին Լեհաստանի նախկին վարչապետ, պրոֆեսոր, աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ Կազիմիր Բարտելը, Լվովի համալսարանի ռեկտոր Ռոման Ռեմսկոյը և շատ ուրիշներ։ Նրանց խղճի վրա է նաև Վոլինի ողբերգությունը, որտեղ 1943թ. ոչնչացվեցին առնվազն 60 հազար լեհ, հրեա, չեխ և ուկրաինացի։ Զարմանալի չէ, որ այսօր Յարոշի գրոհայիններն իրենց անվանում են «քրիստոնյա թալիբներ» (ինչը կրկնակի սրբապղծություն է), որ «աջ սեկտորի» դիպուկահարները սառնասրտորեն գնդակահարում էին, անկախ ազգությունից, ինչպես մայդանցիներին, այնպես էլ «Բերկուտի» մարտիկներին...»։
 
Ուկրաինայի ներկա քաղաքական հոսանքների անցյալի և ներկայի մասին կարելի է անվերջ ծավալվել։ Բայց փաստն այն է, որ Տյագնիբոկի ու Յարոշի և հեղաշրջման արդյունքում մեջտեղ եկած ամեն տեսակ պոլիտիկան-բռնցքամարտիկների ֆոնին ղրիմցիների երկյուղներն, անշուշտ, ավելի քան հիմնավորված են, և ոչ նրանք, ոչ անգամ Ռուսաստանը այլ ելք պարզապես չունեին։ Ո՞վ է վիճարկում սա։
 
«Ժամանակին Վասիլի Ակսյոնովը մի տաղանդավոր ուտոպիկ վեպ է գրել՝ «Ղրիմի կղզին», որի «սամիզդատյան» օրինակը մի գիշերով տվեցին ինձ. գիրքը կարդալ ցանկացողները շատ էին,- ասում է Տերտերովը։- Ֆաբուլան ողբերգական է և հայտնի. «սպիտակ գվարդիան» հրաշքով կարողանում է Ղրիմը պահել բոլշևիկներից, բայց շատ տարիներ հետո «սովետները», միևնույն է, անեքսիայի են ենթարկում «կղզին»։ Այսօր հակառակն է ստացվել. ղրիմցիները հրաշքով (նաև իրենց կազմակերպվածության և Սևաստոպոլի ծովային բազայի առկայության հաշվին) կարողացան զերծ մնալ օկուպացիայից և վերամիավորվել Ռուսաստանին...»։
 
Բայց վերադառնանք հարազատ տեղեկատվական տարածք։ Հատկանշական է, որ «աջ սեկտորի» «թալիբները» կազմել են Ղրիմում քանդման ենթակա հուշարձանների պատկառելի ցուցակը։ Եվ դա զարմանալի չէ. չէ՞ որ ցանկացած ագրեսոր իր առաջին գործն է համարում ջնջել հակառակորդի պատմական հիշողությունը, վերացնել, այսպես կոչված, հիշողության «մարկերները»։ Ինչո՞ւ հիշեցինք այս մասին։
 
«Միանգամայն ակնհայտ է, որ նման բան տեղի է ունենում նաև մեզ մոտ, թեև բացահայտ օկուպանտներ կարծես թե չկան. նրանց ժամանակին բարեհաջող ցույց տվեցին իրենց տեղը։ Բայց, թերևս, այս փաստը ոմանց ձեռք չի տալիս, և նրանք ինքնամոռաց սևացնում են ոչ միայն Ղրիմն ու Ռուսաստանը, այլև նրանց, ովքեր Հայաստանում (նրանց հիշեցնենք, որ հարկ է Հայաստան ասելիս նկատի ունենալ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ԼՂՀ-ն) համարժեք կերպով են արձագանքել վերամիավորմանը,- նշում է Գ.Տերտերովը։- Չար լեզուները պնդում են, որ դրա համար նրանց 30 պայմանական միավոր են տվել և հետն էլ ոչ մեծ (2 մետրը 3-ի վրա), բայց «պրեստիժ» հողակտորներ են խոստացել «Շահիդների ծառուղում»...
 
Եվ սա այն թեման է, որին անպայման կանդրադառնանք ամենամոտ ապագայում...
 
Զարա Գևորգյան
Noravank
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն