Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը


Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը

  • 10-04-2014 18:08:23   | Հայաստան  |  Սպորտ

«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի անդրանիկ առաջնությունը: Այն կազմակերպվել և իրականացվել է «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ:
Յուրաքանչյուր վարչական շրջանից առաջնությանը մասնակցել է մեկական թիմ, որոնք հաղթող էին ճանաչվել վարչական շրջաններում նախապես կազմակերպված մրցման արդյունքում:
7 վարժությունների ընդհանուր արդյունքներով առաջին  տեղ է զբաղեցրել ԱԻՆ ՃԿՊԱ քոլեջի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսել են համապատասխանաբար թիվ 150 դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հավաքական թիմն ու 190 դպրոցի սաները:
Պատվոգրերն ու հավաստագրերը թիմերի ղեկավարներին են հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:
Հաղթող թիմերից ձևավորված Երևանի հավաքական թիմը ապրիլի 17-ին  կմասնակցի մրցույթի հանրապետական առաջնությանը, որի արդյունքներով ձևավորված ՀՀ հավաքական թիմը Բելառուսում կմասնակցի պատանի հրշեջ-փրկարարների առաջնությանը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ Գայանե Սողոմոնյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու թիմերին հաջող մրցելույթներ և հաղթանակ է մաղթել առաջնության հանրապետական փուլում: 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ