Արամ Սաֆարյան.Աշխարհաքաղաքական խոհեր ապրիլի 24-ի առիթով


Արամ Սաֆարյան.Աշխարհաքաղաքական խոհեր ապրիլի 24-ի առիթով

  • 26-04-2014 12:20:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն այս տարի նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի տարում: Հայաստանի բազմահազարամյա պատմության մեջ եւ ոչ մի պատերազմ այդքան աղետալի ու կործանարար հետեւանքներ չի ունեցել մեր ժողովրդի համար, որքան այդ պատերազմը: Հիմա, երբ մենք պատրաստվում ենք համազգային ջանքերով հաջորդ տարի արդար պահանջատիրության հզոր ձայն բարձրացնել Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին, աշխարհը փորձում է հիշել եւ դասեր քաղել Առաջին աշխարհամարտի աղետներից: Այդ պատերազմը, որը, ժամանակակիցների վկայությամբ, հույսեր առաջացրեց հայերիս մեջ, բայց ավարտվեց համազգային աղետով, մի թեմա է, որի շուրջ արդեն տասնամյակներ բախվում են հասարակական ու քաղաքական կարծիքները, որի հետեւանքների հետ չի հաշտվում ու հանգստանում մեր ազգային հավաքական մտածողությունը:

Մեր օրերի աշխարհը նույնպես ալեկոծված է եւ մեզանից աչալրջություն եւ զգոնություն է պահանջում: Այս վերլուծականում փորձենք քննարկել մի քանի թեմաներ, որոնք այս օրերին քննարկման առարկա են եւ լուսաբանման ու մեկնաբանությունների կարոտ:

Կա՞ արդյոք այլընտրանք վարվող արտաքին քաղաքականությանը

Հայաստանի Առաջին հանրապետության մասին խոսելիս` Սիմոն Վրացյանը շրջանառության մեջ դրեց «մուրճի եւ սալի միջեւ» հասկացությունը: Այդ ժամանակ էր, որ դադարեց գոյություն ունենալ արեւմտահայությունը, կամ ինչպես այն ժամանակ էին անվանումՙ թուրքահայությունը, իսկ Ռուսահայաստանը կամ Արեւելյան Հայաստանը խորհրդայնացավ: Մեր պատմությունը ուսումնասիրողներիս հանգիստ չի տալիս այն միտքը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի փոքրիկ ժողովուրդ իր ազգային երազանքի հռչակման ու կերտման փորձերում հայտնվեց միանգամից երկու հզոր ուժերի արանքումՙ մեկի համար դառնալով ատելի թշնամի, իսկ մյուսի համար անվստահելի գործընկեր: Մեր պատմաբանները դեռ պետք է ջանքեր գործադրեն գնահատելու ու վերագնահատելու 1914-1920թթ. իրողություններըՙ հարյուրամյակի հեռավորությունիցՙ փորձելով ավելի քիչ զգացմունքային ու հախուռն լինել եւ ավելի շատ փորձել տեղավորվել գլոբալ, աշխարհին իրենց կամքը թելադրող իրողությունների շրջանակներում: Սա ասում եմ, որովհետեւ համոզված եմ, որ այլ կերպ աշխարհին հասկանալի լինել ուղղակի հնարավոր չէ: Մեր կենցաղային քաղաքական դատողություններում մենք հաճախ ենք կրկնում, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան մերձենում են, հայերիս ճակատագիրը վտանգվում է: Այս դատողությունը միամիտ է ու սխալ այնքանով, որ անցյալում հայերի ճակատագիրը ոչ պակաս, այլ գուցե ավելի մեծ չափով վտանգվել է այն ժամանակներում, երբ Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը միմյանց դեմ պատերազմել են կամ ունեցել են լարված փոխհարաբերություններ: Հիշենք, որ հարյուր տարվա ընթացքում ռուսները չորս անգամ գրավել են Արեւմտյան Հայաստանը եւ չորս անգամ էլ միջազգային դիվանագիտության ճնշումների հետեւանքով ստիպված են եղել վերադարձնել այն: Այդ պատերազմներից յուրաքանչյուրից հետո տեղի է ունեցել քրիստոնյա եւ մահմեդական բնակիչների փոխանակում, եւ Արեւմտյան Հայաստանը կամաց-կամաց դադարել է գլխավորապես հայերով բնակեցված տարածք լինելուց:

Ամենաաղետալին Առաջին աշխարհամարտն էր, որտեղ երիտթուրքական իշխանությունները, օգտվելով ընձեռնված պատեհությունից, ոչնչացրին, տեղահանեցին եւ հայրենազրկեցին ողջ արեւմտահայությանը: Հիմա քաղաքական ինչ-ինչ փոփոխությունների արդյունքում Թուրքիայում սկսել են բարձրաձայն քննարկել Հայոց ցեղասպանության թեման: Չնայած այդ իրողությունը ճանաչողների եւ ժխտողականության կողմնակիցների հարաբերությունը, պատկերավոր ասած, մեկին հազար է: Արեւելահայությունը պահպանեց իր ֆիզիկական գոյությունը եւ այդ տարածքի մի մասի վրա է այսօր հառնել մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:

Վերջերս Գերմանիայում կայացած մի քաղաքագիտական խորհրդաժողովի ժամանակ, որի մասին ես առիթ ունեցել եմ գրելու, գերմանացի քաղաքագետներից մեկն իմ ելույթից հետո փորձեց աբստրակտ դատողություններ անել հայերի ի սկզբանե աշխարհասփյուռ լինելու եւ բոլոր երկրներում նկատելի ներկայություն ունենալու վերաբերյալ, ինչին ռուս քաղաքական վերլուծաբաններից մեկը կտրուկ հավելեց, թե հայերը Ռուսաստանի դաշնակիցն են նաեւ այն պատճառով, որ չեն ուզում, որ իրենց հարեւանները կրկնեն 1915-ը: Այդ խոսքերից հետո դահլիճում երկար եւ տհաճ լռություն տիրեց, որովհետեւ բոլորն էին հասկանումՙ ինչի մասին է խոսքը, բայց չէին ցանկանում եւ ուժ չունեին այդ թեմայով դատողություններ անելու: Սա ասում եմ այն պատճառով, որ մեր պահանջատիրությունն ունի երկու սուր ծայր: Առաջինըՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացն առաջ տանելն է բոլոր հնարավորություններով եւ ընձեռնվող բոլոր առիթներում: Երկրորդըՙ Հայաստանի անկախ պետականության ամրապնդումն ու հզորացումն է: Այս եկրորդի մեջ է նաեւ հստակ ուրվագծող աշխարհաքաղաքական առճակատումների պայմաններում մեր անվտանգությունն ու կայունությունը պահպանելու խնդիրը:

Խոսելով Մաքսային միությանը եւ ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասինՙ իմ ռուս ընկեր Վլադիմիր Լեպեխինը մեր մամուլի համար եզրակացրեց, որ Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ անվտանգ զարգացման, տնտեսական ինքնիշխանության եւ պատմական հիշողության: Մեր քաղաքական ու հասարակական գործիչներից շատերը տարբեր առիթներով ասում են, որ վատ է, երբ անկախ պետությունը չունի զարգացման այլընտրանքային տարբերակներ: Այո, Հայաստանի Հանրապետությունը հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, ՀԱՊԿ-ին անդամակցելուն եւ Եվրասիական ինտեգրման գործընթացներում ներգրավվելուն այլընտրանք չունի: Բայց չէ՞ որ նման վիճակում են աշխարհի միջին ու փոքր պետությունների մեծ մասը, որոնցից եւ ոչ մեկը սակայն չունի այնպիսի ողբերգական պատմական անցյալ, ինչպիսին մերն է: Օրինակ, այլընտրանք չունեն Եվրոմիության անդամ Լատվիան, Սլովակիան, Ռումինիան եւ Բուլղարիան, որոնք բոլորովին էլ չեն ստացել այն առավելությունները, որն ակնկալում էին անդամակցելիս, եւ որոնց տնտեսական վիճակի ցուցանիշներից մեկը բնակչության շատ զգալի մասի արտագաղթն է: Այսպիսի օրինակներ շատ կան եւ դրանց գոյությունը խոսում է այն մասին, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կազմավորումներում ընդգրկվելը պարզապես ժամանակի պահանջ է: Պահանջ, որը պետք է ուսումնասիրվի, հասկացվի եւ դառնա հիմք զարգացման գործնական ծրագրերի համար:

Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը

Տարածաշրջանային տնտեսական կառույց դարձող Մաքսային միությունն իր մեջ կընդգրկի Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին եւ Հայաստանին: Սա համարյա հաստատ է: Բայց Մոսկվայում չեն դադարում քննարկումներն այն հարցի շուրջը, թե արդյոք կարելի է այդ կառույցի անդամ դարձնել Նոր Զելանդիային, Վիետնամին, Սիրիային եւ Թուրքիային: Եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը շարունակում է պնդել, որ Եվրասիականության հիմքը արեւելասլավոնական հավաքականության եւ պատմական Թուրանի համախմբան մեջ է: Թվարկածս բոլոր պետություններն ուզում են Թուրքիային տեսնել ցանկալի գործընկերոջ դերում: Աշխարհաքաղաքական բնական մրցակիցներ հանդիսացող Ռուսաստանն ու Թուրքիան սերտ գործընկերներ են, ինչի դրսեւորումներից ամենացայտունը գազի մատակարարման ծավալների մեծացումն է եւ սակագնի իջեցումը Թուրքիայի համար: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի ութերորդ տնտեսություն համարվող Ռուսաստանը եւ տասնվեցերորդ տնտեսություն հանդիսացող Թուրքիան ունեն խորը ընդհանուր հետաքրքրություններ: Շատ դժվար է ասելՙ Արեւմուտքը Թուրքիային բաց կթողնի՞ արդյոք Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերվելու համար: Այս նոր հարաբերություններում Հայաստանի հարցը փոքր թվացող, բայց մեզ համար ավելի քան արդիական ու զգայուն հարց է: Այսօր արդեն շատերն են հասկանում, որ Հայաստանի ապագա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ստիպելու է Թուրքիային ավելի լուրջ հայացքով նայել մեր երկրին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները վերջին շրջանում մի քանի առիթով նշել են, որ ուսումնասիրվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները մեռյալ կետից շարժելու հարցը: Ուզում եմ հիշեցնել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման ընթացքում թուրքական վերլուծաբանները եկան միանշանակ եզրակացության, որ տնտեսական փաստարկները եւ երկկողմ առեւտրի զարգացման ներուժը չունեն այն հզորությունը, որպեսզի ստիպեն Թուրքիային առանց նախապայմանների հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Վերջին քսանամյակի տարբեր հզորությամբ եւ տարբեր հետեւողականությամբ իրականացված քայլերն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու ուղղությամբ բախվել են օբյեկտիվ աշխարհաքաղաքական բնույթի խոչընդոտների: 22 տարի առաջ աշխարհը սկսեց քննարկել Սեմյուել Հաթինգտոնի «Քաղաքակրթությունների բախումը» ֆունդամենտալ աշխատությունը: Միաբեւեռ աշխարհի պայմաններում պաշտոնական Վաշինգտոնի իշխանությունները չընդունեցին այդ տեսությունը եւ աշխարհի գիտնականները զբաղված էին այդ տեսության քննադատությամբ եւ չեզոքացմանն ուղղված քայլերով: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես Ուկրաինայի առիթով բախվում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը եւ տնտեսական շահի պատկերացումները դառնում են երկրորդական, երբ սրվում են քաղաքակրթական հակասություններն ու պատկերացումները: Այս թեմայով կարելի է անսահման երկար դատողություններ անել, բայց եզրակացությունը առայժմ մեկն է: Քաղաքակրթությունների միջեւ անցնող աշխարհաքաղաքական ճեղքվածքում հայտնված բոլոր պետությունների համար էլ դժվար է լինելու եւ նրանք բոլորն էլ լրացուցիչ ջանքեր են ստիպված լինելու կիրառել ինքնիշխանությունը եւ կայունությունը պաշտպանելու համար:

Մեր ինքնիշխանության սահմանները

Արեւելյան Հայաստանի մեծ մասն այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է: Այստեղ է փրկություն գտել ոչնչացված արեւմտահայության մի մասը: Այստեղ է, որ արդեն 94 տարի պատերազմ չի եղել: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությունը, եւ աշխարհում, կարծես, բոլորի համար դա հասկանալի է: Որովհետեւ չլիներ այդ երաշխավորությունը, ոչնչացման եւ տեղահանման, ասել կուզի ցեղասպանության էր ենթարկվել նաեւ արցախահայությունը: Ռուս քաղաքագետներից մեկը, պատասխանելով հայ լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից, հանգիստ պատասխանել է. «Ծրագրված գործընթացների հանգիստ եւ հետեւողական իրականացում»:

Այսօր, երբ աշխարհի տնտեսապես ամենազարգացած Արեւմուտքում անհանգստություններ կան, որ երկու-երեք տարի հետո կարող է սկսվել տնտեսական ճգնաժամի մի նոր փուլ, իսկ տնտեսությունների ռեգիոնալացման բուռն գործընթացում փոքր ու միջին պետությունները փորձում են փրկել եւ մրցունակ դարձնել իրենց ազգային տնտեսությունները, մենք շարունակում ենք քննարկել ու վիճել մեր ազգային խնդիրներն առաջ մղելու թեմաներով, քսանամյա դեգերումների եւ տարբեր փորձությունների արդյունքում հասկանալով, որ ամենաճիշտը հավատարիմ դաշնակցի, անկեղծ ու բաց գործընկերոջ կեցվածքն է:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված վեհաշուք հուշարձանին այցելեով ու դրանով մեր համազգային համախմբումը աշխարհին ցուցադրելովՙ մենք հասկանում ենք, որ մեր տնտեսությունը զարգացնելու, կայուն պետականություն կերտելու եւ համազգային համախմբում իրականացնելու հարցերը միմիայն մեզանից են կախված: Սա է մեր ինքնիշխանության հարցը եւ առհավատչյանՙ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը ավարտին հասցնելու պայքարում:

Արամ Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

http://azg.am/AM/2014042417

 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն