Orange Հիմնադրամը երեք տարեկան է


Orange Հիմնադրամը երեք տարեկան է

  • 30-04-2014 16:06:26   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Ապրիլին լրացավ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության երրորդ տարին: Լինելով առաջին կորպորատիվ հիմնադրամներից մեկը Հայաստանում` Orange Հիմնադրամի հիմնական առաքելությունն է օգնել հասարակության խոցելի խմբերին՝ վերջիններիս ընձեռելով հաղորդակցվելու, ապրելու և համատեղ ստեղծելու առավել լայն հնարավորություններ, ինչպես նաև աջակցել Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանը հետևյալ երեք հիմնական ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և համայնքային զարգացում:
« Լինելով հայաստանյան հասարակության լիարժեք անդամ՝ հեռահաղորդակցության ծառայությունները հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնելուց բացի, մեր նպատակն է նաև աջակցել ու նպաստել հասարակության սոցիալական զարգացմանը: Օգտվելով ստեղծված առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ում հետ այս 3 տարիների ընթացքում համատեղ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, ինչպես նաև Orange-ի բաժանորդներին, ովքեր օգնել են մեզ SMS բարեգործական ծրագրին իրենց մասնակցությամբ՝ այսպիսով ապացուցելով, որ միասին կարող ենք ավելին», - ասաց Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange Հիմնադրամի գործունեության երրորդ տարեդարձի կապակցությամբ մեկնարկել է Հիմնադրամի նոր պաշտոնական կայքը` http://foundation.orangearmenia.am , որտեղ կարելի է գտնել տեղեկատվություն Հիմնադրամի նախաձեռնություններին մասնակից դառնալու վերաբերյալ, ինչպես նաև տեսնել արդեն իրականացված նախագծերի արդյունքները:
Իր գործունեության երեք տարիների ընթացքում, ի թիվս այլ նախաձեռնությունների, Orange Հիմնադրամն աջակցել է ավելի քան 250 ուսանողների՝ տրամադրելով կրթաթոշակներ վերջիններիս ուսման վարձը հոգալու համար: «Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ավելի քան 18 գյուղական համայնքներում բացվել են համակարգչային սրահներ, կահավորվել են ավելի քան 11 մարզադահլիճներ և վերանարոգվել  6 մանկապարտեզներ: Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով մարզերի ավելի քան 50000 բնակիչներ ստացել են անվճար ակնային բուժում: Այս համագործակցության շրջանակներում Հիմնադրամը ֆինանսավորել է ավելի քան 4000 ակնային վիրահատություն և լազերային բուժում:  Նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքներում տնտեսության զարգացումը՝ Orange Հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեկ գյուղ» ծրագիրը, որի շրջանակներում ընտրված համայնքներում կատարվում են ֆինանսական ներդրումներ և ստեղծվում երկարաժամկետ աշխատատեղեր՝ այսպիսով աջակցելով նշված համայնքների տնտեսական կայուն զարգացմանը: Համայնքային զարգացման նման լայնածավալ ծրագրեր արդեն իսկ իրականացվել են Տավուշի մարզի Բերդավան և Արագածոտնի մարզի Հարթավան գյուղերում:  
Orange Հիմնադրամի գործունեությանն իրենց մարդասիրական ծրագրերով ու գաղափարներով անմիջական մասնակցություն են ունենում նաև Orange-ի աշխատակիցները: Վերջիններիս կողմից ներկայացված և ընտրված ծրագրերն այնուհետ իրականացվում են Հիմնադրամի աջակցությամբ:
Եվս մեկ նախաձեռնություն՝ «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական ծրագիրն, Orange Հիմնադրամն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի բաժանորդներն այս նախագծում իրենց անմիջական մասնակցությունն ունենալու հնարավորություն ունեն և կարող են գումար նվիրաբերել հատուկ համարին  կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Հիմնադրամը կրկնապատկում է բաժանորդների կողմից նվիրաբերված գումարը և դրանք ուղղում  սոցիալապես խոցելի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելուն՝ այսպիսով վերջիններիս հնարավորություն ընձեռելով ընտանիք վերադարձնել պետական հաստատությունների հոգածությանը հանձնված իրենց երեխաներին: «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական ծրագրի շնորհիվ 2012 թվականից ի վեր ավելի քան 30 երեխա արդեն վերադարձել է ընտանիք:
Orange Հիմնադրամի և վերջինիս նախաձեռնությունների վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ http://foundation.orangearmenia.am/ 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն