Կրթության ոլորտում հստակ ընդգծված միակողմանի պետական քաղաքականություն կա


Կրթության ոլորտում հստակ ընդգծված միակողմանի պետական քաղաքականություն կա

  • 01-05-2014 15:48:42   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Նյութ.ամ կայքի զրուցակիցն է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը.

 

-2010-ին բարձրագույն կրթության օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ ընդունվեց, համաձայն որի` մասնավոր բուհերը ևս ընդունելության քննությունները պետք է անցկացնեն միասնական համակարգով: Այսպիսով, կարծես թե, իրավահավասարություն էր ստեղծվում պետական և ոչ պետական բուհերի միջև: Նոր օրենքն ի՞նչ դրական և բացասական ազդեցություն ունեցավ ոչ պետական բուհերի գործունեության վրա:

-Այդ օրենքը, որի նպատակն էր իբր պետական և մասնավոր բուհերի համար ստեղծել հավասար պայմաններ, բոլորովին այլ նպատակով է ընդունվել: Որպես իրավաբան կարող եմ ասել, որ այն, որ մասնավոր և պետական բուհերը մասնակցում են միասնական քննություններին, մասնավոր բուհերի իրավունքների կոպիտ խախտում է: Այդ օրենքը պետք է ճանաչվի հակասահմանադրական: Պետության նպատակը պետք է լինի ոչ թե, օրինակ, «Գլաձոր» համալսարանի փոխարեն ընդունելություն կազմակերպելը, այլ այնպես անել, որ «Գլաձորը» արժանի գիտելիքներով շրջանավարտ տա: Միասնական ընդունելության քննությունների կազմակերպումը նման խնդիր չի լուծում: Ընդունելության քննություններն իրենց բովանդակությամբ և ձևով ուսանողի գիտելիքները որոշող գործոն չեն, որովհետև նման ընդունելության քննություններով գիտելիք չի որոշվում: Եվ հետո, պետությունը չպետք է թելադրի բուհին` ինչ ձևով կազմակերպել ընդունելությունը, պետությունն իրավունք ունի պահանջել որակ: Այսօր պետական բուհերը չեն ընտրում ուսանողին, պետական բուհերին ընտրում-տալիս են, և պետական բուհերը անհարմար չեն զգում բարձրաձայնել, որ իրենց մոտ ընդունված ուսանողների 50 %-ը իրավունք չունի բուհի ուսանող կոչվել: Նման պարագայում մտածել, որ այդ միասնական ընդունելության քննությունները հավասար պայմաններ են ստեղծում, աբսուրդ է: Նախքան միասնական ընդունելության քննությանն անցնելը, պետք է հավասար պայմաններ ստեղծվեն պետական և մասնավոր բուհերի միջև, ինչը չկա: Մասնավոր բուհերն այսօր պետության կողմից ոչ մի ֆինանսավորում չեն ստանում, չունեն տարկետման իրավունք, կրթաթոշակների մրցույթների չեն մասնակցում և այլն: Կրթության ոլորտում հստակ ընդգծված միակողմանի պետական քաղաքականություն կա, ինչը չի կարող նպաստել կրթական համակարգի զարգացմանը և գիտության մակարդակի բարձրացմանը, որովհետև այնտեղ, որտեղ չկա ռեալ մրցակցություն, չի կարող լինել որակ և գիտելիք: Այնպես է արված, որ ցանկացած մարդ, ով դիմում է պետական բուհ, անպայման ընդունվում է կա՛մ ստացիոնար, կա՛մ հեռակա բաժին: Բիզնեսը տեղափոխվել է պետական բուհական համակարգ, իսկ մասնավոր բուհերի նկատմամբ ճնշում է գործադրվում արհեստական ճանապարհով: Այս քաղաքականության հեղինակների նպատակն է` պետական բուհերը դարձնել մասնավոր, որոնք արդեն մասնավոր են, մնում է որոշել, թե ո՞վ է դրանց սեփականատերը, և հարցը կփակվի:

-Եթե օրենքն այդքան վնասում է մասնավոր բուհերի գործունեությանը, ինչո՞ւ մասնավոր բուհերի ռեկտորները չբոյկոտեցին օրենքը:

-Մասնավոր բուհերը հայցով դիմեցին Սահմանադրական դատարան, որպեսզի Կառավարությունը թողնի, որ մասնավոր բուհերն իրենք կազմակերպեն իրենց ընդունելության քննությունները: Բայց Սահմանադրական դատարանը ինչ-ինչ պատճառաբանություններով մերժեց հայցը, որի արդյունքում Կառավարության որոշումը մնաց ուժի մեջ այն դեպքում, երբ Կառավարության ընդունած որոշումը հակասահմանադրական է, չհիմնավորված: Ոչ ոք իրավունք չունի ձեռներեցությամբ զբաղվող մարդուն ասել, թե ինչպես կազմակերպի ընդունելության քննությունները, իսկ մասնավոր բուհը ձեռներեցություն է: Ես իրավունք ունեմ առանց քննությունների մարդկանց ընդունել: Նույն Կառավարությունը Ագրարային համալսարանին իրավունք է վերապահել որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների ընդունելություն կազմակերպել: Այդ ինչպե՞ս է լինում, որ պետական բուհը կարող է առանց ընդունելության քննությունների ընդունելություն կատարել, իսկ մասնավոր բուհը` ոչ:

-Ձեր կարծիքով` ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում:

-Ես չեմ ուզում մտածել, որ ինչ-որ մարդիկ են կանգնած այս ամենի հետևում: Նման գործունեությունը ձևավորվել է մեկ այլ դիրքորոշումից: Կան իքս քանակությամբ բուհեր, որոնք բուհ կոչվելու իրավունք չունեն: Միանշանակ դրանք պետք է փակել, ոչ թե այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ բոլոր մասնավոր բուհերն ինքնաբուխ կերպով հերթով փակվեն: Սա պետական մտածողություն չէ, պետական մտածողությունն այն է, երբ պետական և ոչ պետական բուհերի միջև լինի իրավահավասարություն: Եվ հետո, ես այն կարծիքին չեմ, որ բոլոր պետական բուհերը կամ պետական բուհերում գործող բոլոր մասնագիտությունները գործելու իրավունք ունեն: Եթե ես հնարավորություն ունենամ, կփակեմ պետական բուհերի մասնագիտությունների 50 %-ը, կմիավորեմ 20 պետական բուհերը և կթողնեմ 10-ը: Ես չեմ ընդունում մասնավոր կամ պետական կրթություն հասկացությունները, կա բուհ հասկացությունը: Պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի և մասնավոր և պետական բուհերի համար: Միայն  այդ դեպքում կունենանք ռեալ մրցակցություն և ռեալ արդյունք:

-Այս կրթական քաղաքականությունը կարո՞ղ է մի օր բերել նրան, որ մասնավոր բուհեր չունենանք:

-Ես նման բան չեմ մտածում երկու հիմնավորմամբ: Նախևառաջ ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանն այն պետությունն է, որտեղ չեն գիտակցում, որ մրցակցությունը կրթական զարգացման հիմնական գործոնն է: Եվ հետո, դա կարող է լինել միայն մի դեպքում, երբ բոլոր պետական բուհերը դառնան մասնավոր, և նրանց մեջ էլ չլինի մրցակցություն, բայց այդ դեպքում էլ կրթությունը դատապարտված կլինի: Այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է կթության ոլորտում, ունի մեկ նպատակ. գոյություն ունեցող մասնավոր բուհերից թողնել 3-4-ը: Իսկ «Գլաձորն» այն բուհն է, որ կմտնի դրանց մեջ:

- Դեռևս 2011-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ պետք է պետպատվերի համակարգ ներդրվի նաև մասնավոր բուհերում: Մասնավոր բուհերում այսօր գործո՞ւմ է նման համակարգ:

-Արդեն երկրորդ տարին է Արմեն Աշոտյանն ինձ ասում է, որ «Գլաձորի» վերահավատարմագրումից հետո, բուհին պետպատվեր կտա: Մոտ օրերս մենք կստանանք այդ հավատարմագրումը, կստանանք նաև պետպատվեր: Բայց պետք է նկատել, որ այսօր պետպատվեր են ստանում բոլոր այն բուհերը, որոնք հավատարմագրված չեն, այդ թվում` պետական բուհերը, այլ պետությունների հետ ստեղծված բուհերը, մասնավորապես Ֆրանսիական համալսարանը, Տարածաշրջանային ակադեմիան և այլն: Այսօր պետպատվեր տալու հիմքը բուհի հավատարմագրված լինելը պետք է լինի, բայց, ցավոք, հակառակն է արվում:

1999 թվականին, երբ կրթության մասին օրենք ընդունվեց, պետական բառը հանվեց: Օրենքով սահմանված էր, որ պետական նմուշի դիպլոմ տալու հիմքը հանդիսանալու է բուհի կամ մասնագիտության հավատարմագրված լինելը, օրենքում նշված չէր պետական կամ ոչ պետական հասկացությունը: «Գլաձորը» հավատարմագրվեց, իսկ պետական բուհերը չգնացին հավատարմագրման: Եվ երբ ես սկսեցի քննադատել, որ պետական բուհերն իրավունք չունի պետական դիպլոմ տալ այն դեպքում, երբ հավատարմագրված չեն, Կառավարությունը որոշեց այնպես անել, որ պետական բուհերին ազատի այդ կարգավիճակից: Կառավարությունը վերցրեց և օրենքում փոփոխություն կատարեց` գրելով, որ պետական նմուշի դիպլոմ կարող են տալ պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերը: Այսինքն, պետական բուհերին հանեցին հավատարմագրման պարտավորությունից: Մինչդեռ օրենքում հստակ նշված էր, որ պետք է հավատարմագրվեն պետական բուհերը, իսկ մասնավորներից միայն բժշկական մասնագիտությունները: Այսօր նոր պետական բուհերը որոշ մասնավոր բուհերի հետ հավատարմագրման գործընթացի են մասնակցում: Այս քաղաքականությունը երեկ չէ, որ ստեղծվել է:

-Քանի՞ պետպատվերի տեղ է նախատեսված «Գլաձոր» համալսարանի համար:

-Հարցը պետպատվերի քանակը չէ, ինձ համար, առհասարակ, պետպատվեր հասկացությունն անընդունելի է: Ես ափսոսում եմ, որ մեր ժողովուրդն այնքան միամիտ է, որ նրա համար դեռ նշանակություն ունի բուհը պետական է, թե մասնավոր: Ժողովուրդն այնքան միամիտ է, որ չի հասկանում, որ պետական և մասնավոր բուհերը տալիս են նույն դիպլոմը, որ դիպլոմի արժեքը որոշողը ոչ թե բուհն է, այլ գիտելիքը: Ժողովրդի մոտ ձևավորված է այն կարծիքը, որ, եթե բուհը պետպատվեր է ստանում, պետության վստահությունն այդ բուհի հանդեպ ավելի բարձր է, քան այն բուհի հանդեպ, որը պետպատվեր չի ստանում: Շուտով պետպատվերը ընդհանրապես կվերանա, ամենաշատը մեկ տարի էլ գործի և վերջ: Այս տարի «Գլաձոր» ընդունված 50 ուսանողների խմբից 10-ը սովորելու են անվճար: Դա համալսարանն անելու է իր ֆինանսների հաշվին: Տեսնելով մեր ժողովրդի ֆինանսական վիճակը` ես փորձելու եմ հնարավորություն տալ լավ սովորող երեխաներին սովորել անվճար: Այդ դեպքում էլ ի՞նչ պետք է պետպատվերը:

Լիլիթ Վահանյան

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ