Փոխվարչապետի աշխատանքային այցը Լոռի


Փոխվարչապետի աշխատանքային այցը Լոռի

  • 03-05-2014 16:17:01   |   |  Տնտեսություն
 
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: 
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  փոխվարչապետը նախ այցելեց  Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ծննդատան շենքը կառուցվում է  «Տաշիր»  բարեգործական հիմնադրամի  միջոցներով. այդ նպատակով  հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում  պատասխանատուների հետ  քննարկեց նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին  առնչվող հարցեր:
Այնուհետեւ փոխվարչապետն այցելեց մարզի Հագվի համայնք, որտեղ  ներկա գտնվեց  համայնքային կենտրոնի բացման արարողությանը:  Կենտրոնի կառուցման համար  մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ  ծրագրով հատկացվել է 34 մլն դրամ,  ծրագրի իրականացմանը որոշակի մասնակցություն է ունեցել նաեւ համայնքը:
Համայնքային  նշանակության մեկ այլ ծրագիր է  իրականացվում Ալավերդի քաղաքում.  պետական եւ մասնավոր ներդրումներով  վերանորոգվում  է  քաղաքի գեղարվեստի դպրոցի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  38,5 մլն դրամ, որից  18 մլն դրամը տրամադրել է  Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակը, 8 մլն դրամը՝ «Վալլեքս» խումբը, 12,5 մլն դրամ էլ  հատկացվել է չորրորդ հրատապ ծրագրով:
Այնուհետեւ փոխվարչապետը  Շնողում եւ Թեղուտում համայնքների ղեկավարների,   «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ քննարկեց  համայնքներում իրականացվելիք ծրագրերին,  ինչպես նաեւ ՀՀ Նախագահի` օրերս Լոռի կատարած  այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը  վերաբերող հարցեր: Մասնավորապես քննարկվեցին գազիֆիկացման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացման, այգիների հիմնման ծրագրերը, որոնց իրականացումը նախատեսվում է  նաեւ «Վալլեքս» խմբի մասնակցությամբ:  
Ա. Գեւորգյանն այցի շրջանակում եղավ  նաեւ Այրումի  քառաստիճան պոմպակայանում, որը վերականգնվել էր  2011թ. «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրով: Մարզպետի եւ պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգման  շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգի վիճակի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հորդորեց  աշխատանքներն իրականացնել առավելագույնս  կազմակերպված՝ հաշվի առնելով, որ սպասվում է սակավաջուր տարի:
Աշխատանքային այցը փոխվարչապետն ավարտեց  Դիլիջանում: Ա. Գեւորգյանն  այցելեց  Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, որտեղ նրան  ներկայացվեցին շինարարության ընթացքն ու կատարված աշխատանքները: 
 
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play