Մեկնարկեց «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը


 

Մեկնարկեց «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը

  • 08-05-2014 16:43:05   | Հայաստան  |  Մշակույթ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: 
 
«Այս դահլիճում իշխում է արվեստի ուժը` երաժշտության և կերպարվեստի համադրությունը: Նաև սա է կայացած փառատոնի գրավչությունը: Արդեն տասը տարի, դասական երաժշտության երկրպագու հանդիսատեսը վայելում է կոմպոզիտորական, կատարողական արվեստի լավագույն նմուշները և նորովի է բացահայտում պատկերասրահում ներկայացված գանձերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այս փառատոնի գլխավոր գործընկերը: Այն նշանակալի երևույթ է Հայաստանի մշակութային կյանքում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացավ հոբելյանական` 10-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Հնչեցին Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը ներկայացրեց Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Վարդուհի Խաչատրյան, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա):
 
Փառատոնը հիմնադրվել է 2005թ.-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ` հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:
 
Ավանդական դարձած փառատոնն իր շարունակականությունն է ստացել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ-ից:
 
2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ