Ե՞րբ կվերսկսվի աղետի գոտում ընդհատված բնակարանաշինությունը


Ե՞րբ կվերսկսվի աղետի գոտում ընդհատված բնակարանաշինությունը

  • 15-05-2014 15:28:55   | Շիրակի մարզ  |  Տնտեսություն
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և  գյումրեցիների դիմումը  ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետ ին  և  ՀՀ քաղաքաշինության նախարարին 
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին 
ՀՀ քաղաքաշինության նախարար 
Նարեկ Սարգսյանին
 
Հրապարակային հարցում
Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար 
   Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժից քառորդ դար անօթևան հարյուրավոր ընտանիքների խնդրի՝ ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված  բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում (http://shirakcentre.org/hy/news/20668-----l-r-------)  նշվում  էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:  
 
   «Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցումից արդեն անցել է բավական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, սակայն մենք այդպես էլ չենք ստացել տեղեկատվություն պարունակող պատասխան աղետի գոտում ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետների մասին: Իսկ մեր շինհրապարակներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ, ցավոք, այդ շինհրապարակները մշտապես տեսնում ենք դատարկ: 
   Ուստի ստիպված ենք  ևս մեկ անգամ դիմել ձեզ, ակնկալելով մասնավորապես Գյումրիում բնակարանաշինության վերսկսման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում: 
   Ի դեպ, հրապարակային այս հարցումը ձեզ հղում ենք դեռ 2013 թվականին շահագործվելիք բնակարանների շահառուների, Գյումրու Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին և երկար ժամանակ աշխատավարձ չստացած աշխատակիցների, ինչպես նաև տասնյակ գյումրեցիների անունից: 
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան 
Գյումրի 
2014 թ. մայիսի 15 
Հրապարակային հարցմանը միացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խնդրով շահագրգիռ այլ գյումրեցիներ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play