Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան


Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

  • 16-05-2014 18:28:22   | Հայաստան  |  Տնտեսություն

 





Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.«Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»: 
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ: 
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: «Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,-տեղեկացրել է վարչապետը: 
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ: 
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար: 
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play