Պարգևատրվել են ասմունքի մրցույթների հաղթողները


Պարգևատրվել են ասմունքի մրցույթների հաղթողները

  • 20-05-2014 14:58:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին: 
«Սիրելի՛ աշակերտներ, Երևանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու և արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը  պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք չի մնալու ձեր կենսագրության մեջ. գրականությունը լավագույն ինքնաճանաչման դրսևորումն է։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր աշակերտների հոգիներում ու մտածողության մեջ սերմանում են գրականությունը, հայի ազգային լինելու կարևորությունը, ոգևորում են աշակերտներին ու արժանացնում պարգևների»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հաղթող աշակերտներին է հանձնել մրցանակ գրքերը։ 
Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ասմունքի մրցույթներն անցկացրել է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը։ Երևանի քանաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ մրցույթն անցկացվել է աշակերտական գիտական ընթերցումներ ներառելով, ինչը աշակերտների՝ գրականության գիտելիքների դրսևորման լավագույն միջոց է։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մրցույթներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների  358 աշակերտ։ «Պարույր Սևակ» ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր է գրավել տարիքային 2 խմբերից  9 աշակերտ, խրախուսվել է 2-ը։ «Համո  Սահյան» ասմունքի աշակերտական մրցույթի հաղթողները 6-ն են, խրախուսվել է 16 աշակերտ։
Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկաներին հրավիրել է դիտելու Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» գրաֆիկական անիմացիան, որը,  որպես նորարարություն, վերջերս է ներառվել Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play