Արամ Սաֆարյան. Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպան հետաձգվում է


Արամ Սաֆարյան. Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպան հետաձգվում է

  • 21-05-2014 17:09:04   | Հայաստան  |  Վերլուծություն
տպելու տարբերակ
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ-2»-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


 

Վերջին իրադարձությունները Ուկրաինայում եւ նրա շուրջը տեղ չեն թողնում լավատեսության համար, թե հնարավոր է ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատում Եվրոպական Միության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ: Քաղաքակրթական ճեղքվածքը, որն առաջացավ այդ երկու խոշոր ուժային բեւեռների միջեւ եւ որն անցնում է Ուկրաինայի տարածքի միջով, տեղ չի թողնում մտածելու եւ գործելու այն ուղղությամբ, որ Եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը Արեւելյան գործընկերության անդամների համար կարող է ինչ-որ կերպ համատեղելի եւ համադրելի լինել Եվրասիական ինտեգրման թափ հավաքող գործընթացի հետ: Առաջին հայացքից իբրեւ Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատում ներկայացող այս իրողությունը, սակայն, տարբեր դիրքորոշումների եւ մոտեցումների համադրման դեպքում ռազմավարական առումով գծագրում է նաեւ այլ, տեւական առումով ոչ այնքան մռայլ իրողություններ մեծ տարածաշրջանի երկրների համար:

Վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Մոսկվայի պետական համալսարանում հանդես եկավ ընդարձակ ելույթով, որը նրա այդ նույն բեմահարթակից հնչեցրած հայտնի ելույթի քսանամյակին էր նվիրված: Հիշեցնենք, որ 1994թ. նախագահ Նազարբաեւն այն ժամանակ առաջինն էր բարձրացրել Եվրասիական Միություն ստեղծելու հարցը հետխորհրդային տարածքի երկրներին մեկ տարածաշրջանային տնտեսական կառույցում ներգրավելու համար: Այս ելույթը, որն արժանի է խորը եւ մանրակրկիտ վերլուծության, բացի Ղազախստանի տնտեսական հաջողությունների ներկայացումից եւ իր երկրի զարգացման գալիք տասնամյակների տեսլականն ուրվագծելուց պարունակում է շատ ուշագրավ դիտարկումներ համաշխարհային տնտեսական գործընթացների ուղղվածության վերաբերյալ: Դրանցից ամենանշանակալիցն այն տեսլականն է, ըստ որի աշխարհում գործարար աշխուժության էպիկենտրոնը Արեւմուտքից կամաց-կամաց տեղաշարժվում է դեպի Արեւելքՙ անցնելով Եվրասիական տարածքի վրայով: Եթե այս դիտարկումը ճշմարիտ է, ուրեմն Արեւմուտքը, մասնավորապես նրա խոշոր ներդրողները պետք է նորովի եւ ավելի խորը դիտարկեն ապագա Եվրասիական Տնտեսական Միության տարածքը որպես հաջող գործարարության եւ աննախադեպ տնտեսական շահույթ բերող աշխարհատնտեսական տարածք: Այսօր, երբ ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ը եւ Եվրոպական Միությունը արգելամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ եւ պատրաստվում են մինչեւ աշուն էլ ավելի ուժեղացնել այդ արգելամիջոցները, դժվար է հավատալ, որ կարող են զուգահեռաբար քննարկվել այդ նույն Ռուսաստանում տնտեսական երկարաժամկետ ներկայությունը էապես մեծացնելու հնարավորություններ: Հենց այն հանգամանքը, որ ռուսաստանյան փորձագետները մինչեւ այժմ գործադրված արեւմտյան արգելամիջոցները գնահատում են իբրեւ աննշան եւ Ռուսաստանի տնտեսությանը քիչ վնասող, խոսում է այն մասին, որ ժամանակակից համաշխարհային գլոբալ տնտեսության պայմաններում միակողմանիորեն ռուսական տնտեսությանը վնասելու փորձերը մեծ ավերածությունների չեն վերածվելու:

Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Արեւմուտքի քաղաքականությունը նրան ստիպում է վերակառուցելու իր տնտեսությունը եւ մի քանի տարում մոդեռնիզացնելու այնպիսի ծավալներով, որոնք խաղաղ եւ նիրհի պայմաններում կարող էին պահանջել տասնամյակներ: Չխոսենք այն ռուսական ֆենոմենի մասին, որ պատմության մեջ Արեւմուտքի քաղաքական ճնշումները միշտ պատճառ են դարձել Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական համակարգի թռիչքաձեւ զարգացման: Սրա մասին ռուս աշխարհաքաղաքագետները վերջին ամիսներին շատ են խոսել ու գրելՙ փորձելով համախմբել ռուսական հասարակությունն իր քաղաքակրթական առաքելությունը կրկին ստանձնելու համախմբող ու առաջ մղող գաղափարի շուրջ: Մեզ համար, անշուշտ, կարեւոր է լսել եւ իմանալ նրանց այդ դատողությունները: Բայց միաժամանակ, կարեւոր է նաեւ փորձել հասկանալ, թե կրելո՞ւ ենք մենք արդյոք վնասներ Արեւմուտք-Ռուսաստան քաղաքակրթական այս առճակատումից եւ կարո՞ղ ենք արդյոք ակնկալել տնտեսական զարգացում այն դեպքում, երբ տնտեսական նոր ճգնաժամի արհավիրքներին գումարվել են վերոհիշյալ քաղաքակրթական ճեղքվածքում գտնվող նախկին ԽՍՀՄ տարածքի պետությունների տնտեսական դժվարությունները:

Կառուցողական դիրքորոշումներ գլոբալ առճակատումների պայմաններում

Աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ասել, որ հավասարապես լավ ու փոխշահավետ հարաբերություններ ունես բոլոր պետությունների հետ, նշանակում է ոչինչ չասել: Թե Ղազախստանի, թե Բելառուսի նախագահները, խոսելով Մաքսային Միության օգուտների եւ ապագա Եվրասիական Տնտեսական Միության կարեւոր դերակատարության մասին, շեշտում են նաեւ, աշխարհի խոշորագույն տնտեսա-քաղաքական բեւեռներիՙ ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության հետ փոխշահավետ տնտեսական կապերի կարեւորությունը: Սա արդեն նախորդ տարիների բազմավեկտոր քաղաքականությունը չէ, սակայն հայտ է եւ առաջարկ խորացնելու առեւտրատնտեսական կապերը Արեւմուտքի հետ: Եթե ճիշտ է արեւմտյան դիտորդների այն գնահատականը, որ արեւմտյան դիրքորոշումների խստացումը Ուկրաինայի շուրջ մի փորձ է օբյեկտիվորեն արագացնելու այնտեղ ընթացող գործընթացները եւ որ մեկ-երկու տարի հետո նոր իրողությունների հիմքի վրա Արեւմուտքը եւ Ռուսաստանը կգան նոր պայմանավորվածությունների նոր իրողությունների հիման վրա, նշանակում է, որ այդ գործընթացում կարող են կարեւորվել Արեւմուտքի հարաբերությունները Ռուսաստանի ավանդական դաշնակիցների, այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ: Ահա այստեղ է, որ Մաքսային Միությանը եւ ապագա Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելու գործընթացի պայմաններում կարելի է եւ նույնիսկ օգտակար է գործադրել այն մարդկային ինտելեկտուալ ռեսուրսը, որը Հայաստանում տեւական ժամանակ աշխատել է Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնելու օգտին: Պատկերավոր ասած, մեր վիճակն այսօր նման է մի քանի խաղատախտակի վրա միաժամանակյա սեանսի, երբ տարբեր տախտակների վրա տարբեր արդյունք ես ակնակալում, բայց ընդհանուր արդյունքը քեզ համար դրական պետք է լինի: Որպեսզի ավելի շոշափելի լինի դատողությունս, բերեմ մեր տարածաշրջանիՙ Հարավային Կովկասի օրինակը: Բոլորովին վերջերս Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան Թբիլիսիում ռազմավարական գործընկերային հարաբերությունների ցուցադրություն արեցին: Այս դաշինքը, որը «խողովակի բարեկամություն» կարելի է անվանել, Արեւմուտքի կողմից հովանավորվող եւ ուղղորդվող է: Հայաստանը, որտեղ գերակայում է ռուսաստանյան ներկայությունը եւ որը փնտրում է իր տնտեսական օգուտները Եվրասիական ինտեգրման դաշտում, կարող է շատ հետաքրքրական եւ հավասարակշռող տարածաշրջանային դերակատարություն ստանձնել հայ-ռուսական ռազմավարական եւ տնտեսական գործընկերության, Արեւմուտքի եւ նրան փարված Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու միջոցով: Առաջանում է հարցՙ ի՞նչ նորամուծություններով կարելի է կոնկրետացնել այս տեսական թվացող դատողությունը: Օրինակ, հայ-վրացական մշտական գործող գործարար ֆորում ստեղծելու միջոցով, որտեղ կարող էին հանդիպել եւ համադրվել մեր կողմից ռուսական, վրացական կողմիցՙ օրինակՙ գերմանական տնտեսական հետաքրքրությունները: Կառաջանա հարցՙ ո՞վ եւ ինչպես է առաջ մղելու այդ կարգի ծրագրերը: Այստեղ ես համոզված պնդում եմ, որ մենք ունենք Հայաստանում այս կարգի հարցերը շատ լավ իմացող ու շատ սրտացավ թե՛ գործարարներ, թե՛ հասարակական գործիչներ, թե՛ քաղաքական մարդիկ:

Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակ Հայաստանի նախագահի այն դիտարկումը, թե Մաքսային Միությանն անդամակցելը Հայաստանին էժան ու մատչելի հումք ստանալու հնարավորություն կտա եւ դա կարող է հետաքրքրական լինել, օրինակ, ֆրանսիացի գործարարների համար, որոնք Երեւանում 30 րոպեի ընթացքում կարող են ձեռնարկություն գրանցել եւ լեզուներ իմացող աշխատակիցներ վարձել, պարզ ու հասկանալի մի առաջարկություն է եվրոպական գործարարների հետաքրքրությունը Մաքսային Միության անդամ դարձող Հայաստանի վրա հրավիրելու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ աշխարհի երեք հիմնական խաղացողներըՙ Ռուսաստանը, Եվրոպական Միությունը եւ ԱՄՆ, ամբողջ Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում կարողանան հաստատել եւ խորացնել իրենց ներկայությունը: Սա ուղղակի անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու եւ պատերազմների վտանգը հեռացնելու տեսանկյունից:

«Դանդաղ շտապի՛ր»

Եթե տարիներ առաջ անընդհատ մեղադրանքներ էին հնչում արտաքին քաղաքական նախաձեռնությունների պակասության կապակցությամբ, ապա այսօր մեղադրանքներ են հնչում արտաքին քաղաքական հավասարակշռությունները խախտելու մասին: Սրա պատճառը մեկն է. Դա Եվրասիական ինտեգրման գործընթացի եւ վերջերս բռնկված «Սառը պատերազմ-2»-ի պայմաններում Արեւմուտքի հետ հարաբերությունների ոլորտում աշխատող ՀԿ-ների եւ անհատների պահանջարկվածությունը նվազելու հետ կապված անհանգստություններն են: Ինձ թվում է, որ Ֆրանսիայի նախագահի հաջողված այցից հետո կարելի է լրջորեն խոսել Եվրոմիության հետ հարաբերությունները զարգացնելու նոր ընձեռնվող ձեւաչափերի մասին: Եկեք անցած համարենք եվրոպական պաշտոնյաների այն կոպիտ եւ չարդարացված դատողությունները, որոնց հետեւանքով «եւ-եւ» քաղաքականությունը փոխարինվեց «կամ-կամ» քաղաքականությամբ: Այն, որ Հարավային Կովկասի պարագայում այդ «կամ-կամ»-ը ոչ մի դրական հեռանկար չի խոստանում, հասկացել են Արեւմուտքի շատ դիվանագետներ եւ քաղաքական գործիչներ: Ռուսաստանը փնտրում է հնարավորություններ Ադրբեջանը եւ Վրաստանը իրՙ առնվազն տնտեսական հետաքրքրությունների դաշտում ընդգրկելու համար: Արեւմուտքը չի ուզում կորցնել Ռուսաստանի դաշնակից Հայաստանն իր գործընկերների ցանկից:

Մի անգամ եւս արժե հիշեցնել, որ մինչեւ հիմա մեր քաղաքացիական հասարակությունը, ամբողջությամբ վերցրած, բավական խոհեմ եւ իմաստուն է վարվելՙ թույլ չտալով, որ կողմնորոշումներին վերաբերող մտքերի ու գաղափարների պայքարը վերաճի բաց ու անհաշտ առճակատման: Ասենք այնպիսին, ինչպիսն է ուկրաինական առճակատումը: Չշտապենք վերամբարձ դատողություններ անել մեր հասարակական-քաղաքական դաշտի բարձրացած որակի մասին, որովհետեւ կարող ենք շատերի քննադատությանը եւ թերահավատությանը հանդիպել: Բայց փաստ է, որ եվրոպական եւ եվրասիական ինտեգրման գործընթացների ծավալման պայմաններում մենք սովորում ենք մեր քաղաքական առաջնահերթությունները կարեւորելու հետ մեկտեղ հավելյալ օգուտներ փնտրել գլոբալ քաղաքական գործընթացներում: Մենք անընդհատ համոզվում ենք, որ ճիշտը հավատարիմ դաշնակից, բաց գործընկեր եւ խոհեմ բարեկամ լինելն է: 

Արամ Սաֆարյան

Նոյյան տապան  -   Վերլուծություն